24 օգոստոսի 2012 - 15:03 AMT
Մայրաքաղաքի կանաչապատմանը կմասնակցեն նաև մասնավոր ընկերությունները

Մայրաքաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում մասնավոր հատվածի հետ համագործակցության հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն Լևոն Ալթունյանի ու «ՎՏԲ Հայաստան» բանկի մանրամեծածախ դեպարտամենտի տնօրեն Արտակ Խաչատրյանի հետ հանդիպման ընթացքում:

Ինչպես հայտնում են Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից, «ՎՏԲ Հայաստան» բանկի ներկայացուցիչն ու «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության գործադիր տնօրենը պատրաստակամություն են հայտնել քաղաքապետարանի կողմից այգիների և շատրվանների բարեկարգման ծրագրերի շրջանակում մասնակցություն ունենալ Գլխավոր պողոտայի Նալբանդյան և Հանրապետության փողոցների միջև ընկած հատվածը կանաչապատելու և շատրվանները բարեկարգելու աշխատանքներում: Այդ համատեքստում Տարոն Մարգարյանին են ներկայացվել նաև վերոնշյալ հատվածի բարեկարգման նախնական էսքիզները:

Քաղաքապետը զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետին հանձնարարել է ընկերությունների ներկայացուցիչների հետ համատեղ համապատասխան մասնագետների հետ քննարկել առաջարկներն ու հաստատման ներկայացնել բարեկարգման վերջնական տարբերակը: