24 օգոստոսի 2012 - 15:20 AMT
2013թ. Հայաստանում կանցկացվեն Իսրայելի օրեր

Երևանում ստորագրվեցին Հայաստանի և Իսրայելի միջև համագործակցության ծրագրեր: Հայկական կողմից ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, իսկ Իսրայելի կողմից` Իսրայելի Պետության սփյուռքի և տեղեկատվության նախարար Յուլի (Իոել) Էդելշտեյնը ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Իսրայելի Պետության Կառավարության միջև 2012-2014 թթ. համար կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում համագործակցության մասին» և ՀՀ մշակույթի նախարարության և Իսրայելի սփյուռքի և տեղեկատվության նախարարությունների միջև 2013-2015 թթ. համագործակցության աշխատանքային ծրագրերի ստորագրում:

Ինչպես արարողությունից հետո հայտնեց մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, փաստաթղթերը ստորագրվեցին Իսրայելի Պետության կառավարությանև Հայաստանի Հանրապետության կառավարության միջև 1994թ. դեկտեմբերի 19-ին Երուսաղեմում ստորագրված «Իսրայելի Պետության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև մշակույթի, կրթության և գիտության ոլորտներում» համագործակցության համաձայնագրի հիման վրա և նպատակ ունեն ամրապնդելու երկու երկրների բարեկամական հարաբերություններն ու խթանելու առաջիկա տարիների փոխանակումները` մշակույթի, կրթության և գիտության ոլորտներում: «Մասնավորապես մշակույթի ոլորտում կողմերը պատրաստակամություն են հայտնում 2013թ. անցկացնել Իսրայելի օրեր Հայաստանում և 2014թ. Հայաստանի օրեր Իսրայելում: Ծրագրվում է նաև երկու երկրներում անցկացնել թատերական և կինոփառատոններ, կերպարվեստի ցուցահանդեսներ, արվեստի տարբեր ոլորտներում մասնագետների, նաև մանկական և երիտասարդական խմբերի փոխանակումներ և այլն: Սա շատ ծավալուն և բովանդակալից փաստաթուղթ է և կարևոր ձեռքբերում է Հայաստանի և Իսրայելի միջև համագործակցության պատմության մեջ»,- նշեց նա:

Յուլի Էդելշտեյնն իր հերթին, համաձայնելով ՀՀ մշակույթի նախարարի խոսքերի հետ, հավելեց, որ փաստաթղթի ստորագրումը ևս մեկ անգամ փաստում է,որ երկկողմ մշակութային համագործակցություն կա և շարունակական բնույթ կկրի: