9 փետրվարի 2005 - 16:57 AMT
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԿԻՆ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ՈՐՈՇ ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆ
Գերմանական դպրոցների պատմության կուրսի մեջ ընդհատումից հետո կրկին կընդգրկվի Հայոց ցեղասպանությունը: Այդ մասին երեքշաբթի օրը հայտարարել է Բրանդենբուրգ երկրամասի վարչապետ Մատիաս Պլատցեկը: Նա ասել է, թե սխալ էր Թուրքիայի ճնշման տակ ցեղասպանության բոլոր հիշատակումները Բրանդենբուրգի դպրոցների ուսումնական պլանից հանելը: Նրա խոսքերով, Հայոց ցեղասպանության թեման, որն ավելի վաղ ուսումնասիրվել է որպես եզակի նման պատմական օրինակ Հոլոքոսթից հետո, կրկին կներառվի միջնակարգ դպրոցների պատմության կուրսում 20-րդ դարի ցեղասպանության այլ դեպքերի հետ մեկտեղ: Վարչապետը հանդես է եկել նման հայտարարությամբ Գերմանիայում Հայաստանի դեսպան Կարինե Ղազինյանի հետ հանդիպումից հետո, որը ծայրահեղ դժգոհություն է հայտնել այն առնչությամբ, որ գերմանական դպրոցներում դադարել են ուսումնասիրել Հայոց ցեղասպանությունը: Մատիաս Պլատցեկը կտրականապես հերքել է հայտարարությունն այն մասին, թե Հայոց ցեղասպանության թեման հանվել է ուսումնական պլանից թուրք դիվանագետի գործած սաստիկ ճնշման արդյունքում: Նշենք, որ դպրոցներում Հայոց ցեղասպանության ուսուցումը դադարեցվել էր մեկ ամիս առաջ, երբ Բեռլինում Թուրքիայի հյուպատոս Այդին Դուրուսայը անդրադարձել էր 1915 թվականի ողբերգության հարցին Բրանդենբուրգում, որը միակն էր Գերմանիայի 16 դաշնային երկրամասերից, որտեղ միջնակարգ դպրոցների ուսումնական պլանում հայերի զանգվածային ոչնչացումը որակավորվում էր որպես ցեղասպանություն: