24 օգոստոսի 2012 - 20:07 AMT
Որքան էլ որ Թուրքիան ջանացել է, չի կարողացել ղարաբաղյան հարցում իրավիճակը հօգուտ Բաքվի փոխել

«Ղարաբաղյան հարցը մինչ օրս շարունակում է մնալ Անկարայի արտաքին քաղաքականության առաջնային հարցերից:

Եթե ղարաբաղյան հակամարտության սկզբնական փուլում պաշտոնական Անկարան չեզոք դիրք էր զբաղեցնում, այն համարելով Խորհրդային Միության ներքին խնդիր, ապա արդեն 90-ականների սկզբին Թուրքիայի քաղաքական շրջանակներն ու հանրությունը միանգամից ակտիվացրին իրենց գործողությունները`այս հարցում ադրբեջանամետ դիրքորոշման ապահովման ուղղությամբ»,-գրում է Զաուր Ռասուլզադեն MediaFax կայքում տեղադրված « Որքան էլ որ Թուրքիան ջանացել է, չի կարողացել ղարաբաղյան հարցում իրավիճակը հօգուտ Բաքվի փոխել» հոդվածում:

Ինչպես նշվում է հրապարակման մեջ, «իր նպատակներին հասնելու, նախ և առաջ` Ադրբեջանում իր ազդեցությունն ամրապնդելու համար, Անկարան այս երկրին ցուցաբերել է բազմակողմանի դիվանագիտական, տնտեսական, ինչպես նաև ռազմական ու ռազմա-տեխնիկական աջակցություն: 90-ականների առաջին կեսերին ղարաբաղյան հարցում թուրքական սոլիդարության դրսևորումները չեն շրջանցել նաև ռազմական ոլորտը: Ղարաբաղյան հակամարտության գոտում իրադարձությունների զարգացոմը ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ Թուրքիան անմիջականորեն ներգրավված է այս գործընթացում` հանդես գալով Ադրբեջանի կողմից, այդ թվում` էական ռազմական աջակցություն ցուցաբերելով: Առաջին հաղորդագրություններն այն մասին, որ Թուրքիան ռազմական օգնություն է ցուցաբերում Ադրբեջանին, հայտնվել են ՏԱՍՍ-ում, 1990թ հունվարի 24-ին: Թուրքական կողմը նախազգուշացում էր ստացել Նախիջևան սպառազինություն և զինամթերք մատակարարելու վերաբերյալ: Պաշտոնական Մոսկվան հերքել է նաև թուրքական կողմի առաջարկությունը` ադրբեջանցի փախստականներին հումանիտար օգնություն ցուցաբերելու վերաբերյալ: Իսկ 1991թ Բաքու այցելեց Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի հրամանատար Դողան Գյուրեշը: Արդեն 90-ականների սկզբից ակնհայտ դարձավ, որ Կենտրոնական Ասիայում թուրքական ազդեցության ապահովման համար էապես կախված էր ղարաբաղյան հակամարտության ելքից: Պատահական չէ, որ Թուրքիայի նախկին վարչապետ Բյուլենտ Էջևիտը, այն ժամանակ լինելով ընդդիմությունում, հայտարարել էր, որ «Ադրբեջանին օգնություն տրամադրելու վերաբերյալ թուրքական կառավարության անհաստատակամությունը կարող է հանգեցնել Կենտրոնական Ասիայի և Ադրբեջանի անվստահությանը թուրքական մոդելի նկատմամբ»: Թուրքիայում Սուլեյման Դեմիրելի իշխանության գալուց հետո, հաշվի առնելով նրաբարեկամական հարաբերությունները Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի հետ, Թուրքիայի կողմից տրամադրվող օգնությունն էլ ավելի ամրապնդվեց: Հենց նույն ժամանակ էլ Թուրքիան փակեց Հայաստանի հետ սահմանները` ի նշան ղարաբաղյան հարցում Ադրբեջանի հետ նույն դիրքորոշում ունենալու: Իսլամիստական «Արդարության և զարգացման» կուսակցության իշխանության գալուց հետո, Բաքվի նկատմամբ վերաբերմունքը չփոխվեց: Վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ առանց լեռնային ղարաբաղի խնդրի կարգավորման, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումն անհնար է: Սակայն 2009-ին Անկարան ի հայտ բերեց պաշտոնական Բաքվի դժգոհությունը` Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման մասին արձանագրությունները ստորագրելով, ինչը ենթադրում էր նաև Հայաստանի նկատմամբ թուրքական տնտեսական էմբարգոյի դադարեցում: Սակայն Իլհամ Ալիևի դժգոհություններից հետո, Անկարան ստիպված եղավ հրաժարվել այդ ծրագրերից: Ըստ Սինան Ուլգենի, Անկարան հույս ուներ, որ Երևանի հետ հարաբերությունները բարելավելով` հնարավորություն կստանա մասնակցելու ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին: Սակայն ադրբեջանական կողմի դժգոհությունները ստիպեցին վարչապետ Էրդողանին դադարեցնել Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու ձգտումները: Թեև Թուրքիայի ԱԳՆ նախկին ներկայացուցիչ Մուրատ Բիլհանը փաստում է, որ չնայած թուրք-ադրբեջանական երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը, Բաքուն նախկինի նման կասկածանքով է վերաբերում Անկարային: Անկարայում Գերման Մարշալլի հիմնադրամի բյուրոյի տնօրեն Օզգյուր Ունլուխիսարջիկլիի խոսքով, հայ-թուրքական արձանագրությունների սառեցումը կապված էր նրա հետ, որ այդ պահի համար դրանք թերևս հասուն չէին: Նա ընդգծել է, որ դա ընդամենը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում առաջընթացի համար նախատեսված լծակ էր, իսկ Հայաստանը կարծում էր, որ Թուրքիան այս հարցը առանձնացնում է սահմանների բացման հարցից: Ունլուխիսարջիկլին հաստատել է նաև, որ Անկարան ղարաբաղյան գործընթացում կանխակալ դիրքորոշում ունի: «Թուրքիան մտադիր էր բացել սահմանը, սակայն միայն ղարաբաղյան հակամարտությունը լուծելուց հետո…»,-ասել է նա: Ինչպես երևում է ղարաբաղյան հակամարտությունը հենց ամենասկզբից խանգարող գործոն է հանդիսացել Կենտրոնական Ասիայում և Ադրբեջանում թուրքական հետագա ազդեցության գործընթացի խորացման համար: Եվ չնայած Ադրբեջանին տրամադրվողբազմակողմիանի, այդ թվում` ռազմական օգնությանը, Թուրքիան առայժմ չի կարողացել իրավիճակը հօգուտ Բաքվի փոխել»: