«Հայկական ժամանակ». ԲՀԿ-ն ողջունում է վարչապետի պաշտոնանկության ցանկացած ձևաչափ

«Հայկական ժամանակ». ԲՀԿ-ն ողջունում է վարչապետի պաշտոնանկության ցանկացած ձևաչափ

PanARMENIAN.Net - «Վարչապետ Տիգրան Սարգսյանի պաշտոնանկության ցանկացած ձևաչափ, ցանկացած հանգամանքներ, որոնց բերմամբ այդ պաշտոնանկությունը կարող է տեղի ունենալ և այդ ուղղությամբ կատարվելիք քայլերը մեր կողմից ողջունվում են»:

«ՀԺ»-ի թղթակցի հետ զրույցում երեկ այսպիսի հայտարարություն է արել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը` ի պատասխան այն հարցի, թե արդյո՞ք 2011 թվականի բյուջեի կատարման մասին հաշվետվությունը կարող է առիթ դառնալ վարչապետի պաշտոնանկության համար: 2011-ի բյուջեի կատարման մասին հաշվետվությունն արդեն տեղադրված է խորհրդարանի կայքում, և իր աշնանային նստաշրջանի ընթացքում Աժ-ն կամ պետք է հաստատի, կամ` ոչ: Հաշվետվությունը չհաստատելու դեպքում կառավարության անվստահության հարց է առաջանում:

Դատելով վարչապետ Տիգրան Սարգսյանի վարած քաղաքական կուրսի հանդեպ խորհրդարանական չորս խմբակցության ների ունեցած դիրքորոշումից` քաղաքական այս ուժերը փորձելու են հասնել 2011 թվականի բյուջեի կատարողականի տապալմանը, ինչը կարող է հանգեցնել կառավարությանն անվստահություն հայտնելու հարցի բարձրացմանը:

Բանն այն է, որ խորհրդարանն իր աշնանային նստաշրջանում գետք է քննարկի 2011 թվականի բյուջեի կատարման մասին հաշվետվությունը, որը կառավարությունն արդեն ուղարկել է Ազգային ժողով: Ըստ Աժ կանոնակարգ-օրենքի 89-րդ հոդվածի 5-րդ կետի, բյուջեի կատարողականի շուրջ մտքերի փոխանակության ավարտից հետո եզրափակիչ ելույթով հանդես է գալիս վարչապետը կամ ֆինանսական բնագավառի լիազորված մարմնի ղեկավարը, որը կարող է` ա) քվեարկության դնել բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը, բ) բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը հաստատելու առնչությամբ դնել կառավարության վստահության հարցը: Նույն հոդվածի 6-րդ կետում էլ նշված է, որ եթե բյուջեի կատարողականը հաստատելու առաջարկությունը քվեարկության արդյունքում չի ստանում ընդունման համար անհրաժեշտ թվով ձայներ, ապա կառավարությունը կարող է դնել իր անվստահության հարցը: Իսկ Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետում նշված է, որ հանրապետության նախագահը ընդունում է կառավարության հրաժարականը` կառավարությանն անվստահություն հայտնելու դեպքում: Ինքը` ՀՀ նախագահը, ըստ Սահմանադրության, չի կարող պաշտոնանկ անել վարչապետին, վարչապետը կամ պետք է անձամբ հրաժարական տա, կամ Ազգային ժողովը նրան անվստահություն հայտնի: Մի խոսքով, բյուջեի կատարողականի հաստատումը շանս է, մասնավորապես, «Բարգավաճ Հայաստանի» համար` հասնել վարչապետի պաշտոնանկությանը»:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---