9 փետրվարի 2005 - 21:07 AMT
ՅՈՒՐԻ ՄԵՐԶԼՅԱԿՈՎ. «ԽՈՍԵԼ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՐԱԶԱՏ ՎԱՅՐԵՐ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ»
«ԵԱՀԿ Մինսկի խմբի խնդիրն է` օգնել հակամարտության կողմերին բանակցությունների վարման գործում»,- Ստեփանակերտում հայտարարել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերով ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանյան համանախագահ Յուրի Մերզլյակովը: Նրա խոսքեորով` համանախագահների ցանկացած առաջարկություն առանց կողմերի հետ համաձայնեցման չի ընդունվի: Ռուսաստանյան դիվանագետն ասել է, որ համանախագահները ջանք չեն խնայում բանակցությունների շարունակման համար: Պատասխանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի հասցեին արված քննադատությանը` Յու.Մերզլյակովը հայտարարել է, որ համանախագահներից պետք չէ սպասել հրաշագործություն, որը երկու կողմին էլ բավարարի: Անդրադառնալով փախստականների հարցին` Յու.Մերզլյակովը հայտարարել է, որ համանախագահներն անտարբեր չեն այդ հարցի նկատմամբ: «Մենք հանդիպում ենք փախստականների հետ եւ Լեռնային Ղարաբաղում, եւ Ադրբեջանում, լսում ենք նրանց: Սակայն միեւնույն ժամանակ դուք պետք է հասկանաք, որ մենք չենք կարող որեւէ մեկին ասել, թե ով է ճիշտ եւ ով` սխալ: Մենք պետք է լինենք անկողմնակալ: Այդ իսկ պատճառով պետք չէ ենթարկվել զգացմունքներին եւ մեղադրել մեզ»,- նշել է նա: Յու.մերզլյակովի խոսքերով` այսօր վաղ է խոսել հարազատ վայրեր փախստականների վերադարձի մասին: Նախ եւ առաջ պետք է ապահովել փախստականների անվտանգությունն իրենց բնակատեղերը վերադառնալու դեպքում եւ ստեղծել կյանքի համար անհրաժեշտ պայմաններ: