25 օգոստոսի 2012 - 13:39 AMT
ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը հուսով է, որ ՏԻՄ ընտրություններին թանաքները չեն օքսիդացվի

ԲՀԿ-ն ՏԻՄ ընտրությւոններին այլ թեկնածուների սատարելու բազմաթիվ առաջարկներ ունի, սակայն դրանք դեռ քննարկման փուլում են:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ պատգամավոր, ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը` նշելով, որ հենց այսօր էլ մի քանի նման առաջարկ պետք է քննարկվի, սակայն վերջնական որոշում դեռ չկա:

Թե ինչպես կանցնեն ՏԻՄ ընտրությունները հարցին պատասխանելով` ԲՀԿ խոսնակն ասաց, որ հույս ունի` այս ընտրություններին, կազմակերպիչները ավելի պատասխանատու կգտնվեն, որպեսզի անձնագրերին արված թանաքները չօքսիդացվեն և հսկիչներն էլ կլինեն ավելի զգոն, որպեսզի խախտումներ չլինեն:

ԲՀԿ խոսնակը չցանկացավ խոսել Հմայակ Հովհաննիսյանի հետ կապված վերջին իրադարձությունների մասին`նշելով միայն, որ խղճի խայթ է զգում նրա նկատմամբ. «Եթե նրա չխղճայինք, ապա կարող էինք դատի տալ, սակայն դեռևս սահմանափակվում ենք այսքանով»:

Առաջիկա նախագահական ընտրությունների վերաբերող բոլոր հարցերին ԲՀԿ մամուլի խոսնակը պատասխանեց, որ նախագահական ընտրությունների մասին ԲՀԿ-ն կխոսի, երբ պատեհ պահը գա. «Դա չի նշանակում, որ մենք որոշումներ չունենք, դա նշանակում է, որ մենք դեռ չենք ցանկանում բարձրաձայնել այդ որոշումները»: