Հայաստանի ոչ կառավարական կազմակերպությունները կոչ են անում Հունգարիային թույլ չտալ Ռամիլ Սաֆարովին հանձնել Ադրբեջանին

Հայաստանի ոչ կառավարական կազմակերպությունները կոչ են անում Հունգարիային թույլ չտալ Ռամիլ Սաֆարովին հանձնել Ադրբեջանին

PanARMENIAN.Net - Հայկական ոչ կառավարական կազմակերպությունները հանդես են եկել հայտարարությամբ`կապված հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու հնարավորության հետ. «2004 թվականի փետրվարի 19-ին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում, որտեղ ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում դասընթացներ էին անցկացվում, տեղի ունեցավ ահասարսուռ մի իրադարձություն, որը լիովին ժխտեց այդ ծրագրի էությունն ու իմաստն: Ուշ գիշերով ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը ներխուժեց համակուրսեցիների ննջասենյակ և նախապես ձեռք բերված կացնով կացնահարեց քնած հայ սպա Գուրգեն Մարգարյանին: Այս աննախադեպ հանցագործությունը ցնցեց ոչ միայն Հայաստանին ու Հունգարիային, այլև ողջ Եվրոպային:

Սաֆարովի նկատմամբ դատական գործընթացը շարունակվեց ավելի քան երկու տարի, որի ընթացքում ադրբեջանական կողմը, հայ սպայի ներկայացնելով բազմաթիվ մեղադրանքներ, փորձեց անվանարկել նրա հիշատակը և հասնել հանցագործի համար հնարավորինս մեղմ պատժի: Դատաքննության ընթացքում սպանված սպայի հասցեին հնչած բոլոր մեղադրանքները համոզիչ կերպով մերժվեցին և ապացուցվեց դրանց անհիմն և մտացածին լինելը: Դատավոր Անդրաշ Վասկուտին և մեղադրող կողմը հիանալի քննություն անցկացրեցին` խիստ հավատարիմ մնալով հունգարական և եվրոպական օրենսդրության տառին և ոգին:

Ռամիլ Սաֆարովը դատապարտվեց առավելագույն պատժաչափի` ցմահ ազատազրկման առանց առաջին 30 տարում ներման իրավունքի: Ադրբեջանական կողմի ներկայացրած բոլոր բողոքարկումները մերժվեցին: Կալանքի տակ եղած Սաֆարովը հարձակում էր գործել բանտապահի վրա, ինչը հիմք դարձավ նրա նկատմամբ ևս մեկ քրեական գործ հարուցելու և երկրորդ դատավճիռն ընդունելու համար: Ադրբեջանական կողմը առաջին իսկ օրվանից Սաֆարովին հանձնելու անհաջող փորձեր էր ձեռնարկում: Պետական և հասարակական կառույցների ներկայացուցիչներն իրենց թույլ տվեցին արտահայտություններ, որոնցով արդարացնում էին հրեշավոր հանցագործությունը: Այսպես, Ադրբեջանի օմբուդսմեն Է. Սուլեյմանովան հայտարարեց, որ. «Սաֆարովը պետք է օրինակ դառնա երիտասարդության համար»: Ռամիլ Սաֆարովը իր երկրում հռչակեց ազգային հերոս:

Անցած 8 տարիների ընթացքում հունգարական կողմն ապացուցեց իր հավատարմությունը միջազգային իրավունքի նորմերին` մերժելով հանցագործին իր հայրենիքին հանձնելու (էքստրադիցիայի ենթարկելու) բոլոր փորձերը: Սակայն ադրբեջանական և թուրքական կողմերը Սաֆարովի հանձնման փորձերը չեն դադարեցնում: Այսպես, վերջերս տեղեկություն տարածվեց Թուրքիայում ստորագրահավաքի մասին, որի նախաձեռնողները, պահանջում են վերանայել Սաֆարովի դատավճիռը` միաժամանակ անցկացնելով անհիմն ու անընդունելի պատմական զուգահեռներ: Պարբերաբար նմանատիպ տեղեկություններ շրջանառվում են նաև ադրբեջանական ԶԼՄ-ներում:

Մենք մեր պարտքն ենք համարում դիմել հունգարական հասարակությանն ու պետական մարմիններին` կոչ անելով թույլ չտալ Սաֆարովի հանձնումը Ադրբեջանին, որտեղ նրան, անկասկած, սպասում է ոչ թե պատժի հետագա կրում, այլ` ազատություն, դափնիներ և ավելի մեծ հերոսացում: Որպես ապացույց՝ ներկայացնենք ընդամենը մեկ հայտարարություն. մեկ տարի առաջ ԱՀ նախագահի աշխատակազմի քաղաքական վերլուծությունների և տեղեկատվական ապահովման բաժնի պետ Էլնուր Ասլանովը հայտարարեց, որ. «Ռամիլ Սաֆարովի նմանների քաջությունը ադրբեջանական հանրությանն ու ժողովրդին երկրորդ շնչառություն տվեց»:

Մենք չենք կասկածում, որ Հունգարիայում լավատեղյակ են, որ հայերի հանդեպ ատելությունն ու այլատյացությունն Ադրբեջանում բարձրացված է պետական քաղաքականության մակարդակ: Դա արձանագրվել է նաև «Անհանդուրժողականության և ռասիզմի դեմ եվրոպական հանձնաժողովի» 2011թ-ի զեկույցում: Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահը իր վերջին ելույթներից մեկում հայությանն անվանել էր Ադրբեջանի թիվ մեկ թշնամին: Հիշեցնենք նաև, որ Բուդապեշտում կայացած դատաքննության ժամանակ Սաֆարովի փաստաբանը հայտարարել էր թե` «հայի սպանությունն Ադրբեջանում հանցագործություն չի համարվում»:

Վերը նշվածի համատեքստում դժվար է նույնիսկ պատկերացնել, թե ինչի կհանգեցնի Ռամիլ Սաֆարովի հանձնումը Ադրբեջանին:

Դա առաջին հերթին անթույլատրելի է` հաշվի առնելով նրա կատարած հանցագործության ծանրության չափն ու այդ հանցագործության նկատմամբ Ադրբեջանում ձևավորված վերաբերմունքը: Սակայն էլ ավելի ծանր կարող են լինել հետևանքներն ամբողջ աշխարհում նման նախադեպերի կրկնության համատեքստում: Հայերի հանդեպ ատելության և մարդասպանի հերոսացման ոգով դաստիարակված ադրբեջանական երիտասարդության համար հանձնումը գործողությունների անցնելու ազդանշան կդառնա, քանի որ պատիժը հանցագործության համար կլինի շատ մեղմ, իսկ հայի «մարդասպան-հերոսի» կոչման դափնին չափազանց գրավիչ կթվա: Այդ պարագայում պոտենցիալ հանցագործության համար պատասխանատվությունն, անկասկած, կընկնի ոչ միայն Ադրբեջանի, այլև Հունգարիայի վրա: Հարկ է նաև հաշվի առնել, որ Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի պարբերական խախտումների համատեքստում հանցագործի հանձնումը կարող է նաև վտանգավոր խթանիչ դառնալ արյունահեղ ռազմական գործողությունների վերսկսման համար:

Մենք կոչ ենք անում բարեկամական Հունգարիայի համապատասխան կառույցներին մտածել այս քայլի անխուսափելի հետևանքների մասին: Սաֆարովը հունգարական դատարանի կողմից սահմանված պատիժը պետք է կրի միայն հանցանքի իրականացման երկրում` խիստ ռեժիմի գաղութում: Դա է պահանջում ոչ միայն գազանաբար սպանված հայ երիտասարդի հիշատակը, այլ նաև Հունգարիայի` որպես մարդու իրավունքներին, բարոյականությանն և մարդասիրությանը հավատարիմ երկրի պարտավորությունները:

Գուրգեն Մարգարյան

2004-ի փետրվարի 19-ին ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը գիշերը կացնահարել է հայ Գուրգենի Մարգարյանին, երբ նա քնած էր: Երկուսն էլ մասնակցում էին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված անգլերենի դասընթացներին: Սաֆարովն առաջին հարցաքննության ժամանակ իր արարքի պատճառներն այսպես է բացատրել. «Ափսոսում եմ, որ ոչ մի հայ մինչ այժմ չեմ սպանել... Բանակն ինձ գործուղեց այս դասընթացներին, և այստեղ իմացա, որ մեզ հետ դասընթացներում նաև երկու հայ կա: Ասեմ, որ իմ մեջ ատելություն ծագեց հայերի հանդեպ: Սկզբում բարևում էինք, այսինքն` նրանք էին բարևում, ես չէի պատասխանում: Սպանության պատճառն այն է, որ նրանք անցան մեր մոտով և ժպտացին մեր երեսին: Այդ պահին որոշեցի սպանել նրանց, այսինքն՝ լուսադեմին կտրել գլուխները»:

2006-ի ապրիլի 13-ին Բուդապեշտի առաջին ատյանի դատարանը դատապարտել է Սաֆարովին ցմահ բանտարկության առանց ներման իրավունքի 30 տարվա ընթացքում: 2007-ի փետրվարին Վճռաբեկ դատարանը դատավճիռն ուժի մեջ է թողել:

2012-ի օգոստոսի 31-ին Հունգարիան Ռամիլ Սաֆարովին արտահանձնել է Ադրբեջանին, որտեղ նրան որպես հերոս են դիմավորել: Նախագահ Իլհամ Ալիևը նրան ներելու մասին հրամանագիր է ստորագրել, վճարել 8 տարվա աշխատավարձն ու բարձրացրել զինվորական կոչումը:

Ավելի ուշ Հայստանի ԱԳՆ-ն Հունգարիայի արտգործնախարարությանը տեղեկացրել է երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու` ՀՀ կառավարության որոշման մասին։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---