27 օգոստոսի 2012 - 10:37 AMT
Վարդան Ղուկասյանի հրաժեշտի նվերը գյումրեցիներին

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը մինչ հաջորդ քաղաքապետին և ավագանուն տեղական իշխանությունը հանձնելը՝ մտադիր է ևս 3 հուշարձան տեղադրել քաղաքում: Այս մասին PanARMENIAN.Net –ին հայտնում են «Շիրակ կենտրոն» ՀԿ-ից:

Հասարակական կազմակերպության ղեկավար Վահան Թումասյանին հայտնի է դարձել նաև այն, որ դրանց բացումը նախատեսված է հոկտեմբերի 7-ին: «Եվ դա այն դեպքում, երբ քաղաքային բյուջեն հսկայական պատքեր ունի, իսկ Գյումրին` հազար ու մի անհամեմատ կարևոր խնդիր: Առաջարկում եմ, որքան էլ որ այդ հուշարձանները հայտնի գյումրեցիները կամ թեկուզ եղբայրական ժողովուրդների հայտնի անձանցը լինեն, վերջ տալ հուշարձանամոլությանը: Փոխարենը իմաստ ունի փակել քաղաքային իշխանության պարտքերը կամ նախապատրաստվել գալիք ձմռանը, երբ հազարավոր գյումրեցի ընտանիքներ վաղուց շարքից դուրս եկած վագոն-տնակներում մի կերպ են դիմանում, իսկ նրանցից շատերը ենթակա են սառչելու վտանգին»,- ասված է «Շիրակ կենտրոն» ՀԿ-ի տարածած հաղորդագրության մեջ: