27 օգոստոսի 2012 - 15:06 AMT
Այս տարի մայրաքաղաքի բոլոր դպրոցներն ապահովված կլինեն ջեռուցման համակարգերով

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ մինչև հերթական ջեռուցման սեզոնի մեկնարկը ջեռուցման համակարգերով կապահովվեն մայրաքաղաքի դեռևս չջեռուցվող բոլոր դպրոցները: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը համապատասխան կառույցների պատասխանատուներին հանձնարարել է մինչև նոյեմբերի 15-ը ավարտել քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող 17 և ԿԳՆ ենթակայության տակ գտնվող 9 չջեռուցվող դպրոցների ջեռուցման համակարգերի անցկացումն ու դրանց լիարժեք գործարկումը: Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«2011 թվականին մենք կարողացանք ամբողջությամբ ավարտել մանկապարտեզների ջեռուցման աշխատանքներն ու ապահովել մանուկների համար պատշաճ տաք ու հարմարավետ պայմաններ: Երևանի համար սա համարում եմ մեծ ու կարևոր ձեռքբերում: Մինչև ջեռուցման սեզոնի մեկնարկը պետք է ավարտին հասցնենք նաև չջեռուցվող դպրոցների ջեռուցմամբ ապահովելու հարցը, որպեսզի մեր երեխաները կարողանան հանգիստ դպրոց հաճախել և կրթություն ստանալ»,-նշել է Տարոն Մարգարյանը և հավելել, որ հետագա ծրագրերում կընդգրվեն նաև չջեռուցվող մշակութային օջախները, գրադարաններն ու մարզադպրոցները: