27 օգոստոսի 2012 - 15:11 AMT
Քաղաքապետը հանձնարարել է մաքրել Հրազդանի կիրճը

Քաղաքապետարանում կայացած հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ Տարոն Մարգարյանը հանձնարարել է խսիտ հսկողություն սահմանել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հարակից, ինչպես նաև Նորքի, Դալմայի այգիների և անտառաշերտով պատված այլ տարածքների ոռոգման ցանցերի գործարկման և ոռոգման աշխատանքների կազմակերպման ուղղությամբ: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Մայրաքաղաքում առկա առանց այդ էլ սակավ անտառաշերտերը, անկախ նրանից, թե ում ենթակայության ներքո են գտնվում, Երևանի տարածքում են և մենք պետք է համապատասխան քայլեր ձեռնարկենք այն պահպանելու ուղղությամբ: Նշված տարածքների ոռոգումը մշտապես պետք է լինի համապատասխան կառույցների, այդ թվում նաև վարչական շրջանների ղեկավարների անմիջական հսկողության տակ: Եթե անգամ վերոնշյալ տարածքները քաղաքապետարանի ենթակայության տիրույթում չեն, միևնույն է, մենք չենք կարող թույլ տալ, որ դրանք մնան անխնամ ու ժամանակի հետ կանգնենք դրանք կորցնելու վտանգի առաջ»,-նշել է Տարոն Մարգարյանը և հանձնարարել աշխատել տվյալ տարածքների պատասխանատուների հետ: Քաղաքապետը հանձնարարել է նաև կազմակերպել Հրազդանի կիրճի տարածքի սանիտարական մաքրման աշխատանքները և մշտական հսկողություն սահմանել պատշաճ վիճակի ապահովման համար:

Տարոն Մարգարյանը հանձնարարել է հանգստյան օրերին կազմակերպվող շաբաթօրյակների աշխատանքներում ներգրավել քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող բոլոր կառույցներին, ինչպես նաև տնտեսվարող սուբյեկտներին ու հետևել աշխատանքների պատշաճ կատարմանը: Համապատասխան կառույցներին հանձնարարվել է կազմակերպել փողոցների հեղեղատարների մաքրման աշխատանքները: