27 օգոստոսի 2012 - 16:38 AMT
Փրկարար ծառայության արագ արձագանքման ավտոմեքենաների վրա GPS տեսախցիկներ են տեղադրվում

Այսօր ՀՀ ԱԻ նախարարությունում տեղի է ունեցել հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է նախարար Արմեն Երիցյանը։ ԱԻ նախարարին զեկուցեցին, որ փրկարար ծառայության արագ արձագանքման ավտոմեքենաների վրա տեղադրվում են GPS տեսախցիկներ, ինչը կօգնի գրեթե ամբողջությամբ վերահսկել պատահարներին արձագանքման գործընթացը։

«Հիդրոմետ» ծառայության տնօրեն Լ. Վարդանյանը նախարարին զեկուցեց, որ այս օրերին Արարատյան դաշտում, Տավուշի և Սյունիքի հովտային շրջաններում պահպանվում է բարձր կարգի հրդեհային վտանգավոր իրավիճակ` կապված ջերմաստիճանի բարձրացման հետ։

Առաջիկա չորեքշաբթի նախարարությունում տեղի կունենա ԱԻՆ գիտխորհրդի ընդլայնված նիստ, որի ընթացքում քննարկվելու են տարածաշրջանի սեյսմիկ ակտիվության վերաբերյալ հարցեր։ Նիստին հրավիրված են ԱԻՆ ՍՊԱԾ գործակալության, ԳԱԱ, Հայկական սեյսմոլոգիայի և Երկրի ֆիզիկայի ասոցիացիայի ներկայացուցիչներ։

Անդրադառնալով սեպտեմբերի 4-ին նշվող ԱԻՆ աշխատակցի օրվան նվիրված միջոցառումներին` Ա. Երիցյանը նշեց, որ տոնի կապակցությամբ տեղի կունենա հանդիսավոր նիստ, իսկ ծառայության մեջ աչքի ընկած աշխատակիցները կարժանան տարբեր պարգևների։ Տոնական միջոցառումների շարքում են նաև ՀՀ ԱԻՆ պոլիկլինիկայի և Երևանի Մյասնիկյան 1 հասցեում կառուցված նոր հրշեջ մասի հանդիսավոր բացման արարողությունները։