28 օգոստոսի 2012 - 13:22 AMT
Պարզվում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» պոչատարի վթարից շրջակա միջավայրին հասցված վնասի չափը

ՀՀ բնապահպանության նախարարության Սյունիքի մարզի բնապահպնական պետական տեսչության տարածքային բաժնի աշխատակիցները նախարար Արամ Հարությունյանի հանձնարարությամբ ուսումնասիրել են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի (ԶՊՄԿ) պոչատարի վթարից առաջացած իրավիճակը, իրականացրել են աղտոտված ջրերի նմուշառում: Փոխհատուցման նպատակով ներկայումս հաշվարկվում է շրջակա միջավայրին հասցված վնասը: Այս մասին տեղեկացնում է Բնապահպանության նախարարության պաշտոնական կայքը: Ըստ աղբյուրի` ԶՊՄԿ-ի կողմից անմիջապես ձեռնարկվել են աղտոտված տարածքների մաքրման և լվացման աշխատանքներ, հոսքաջրերը տեղափոխվել են պահեստային թափուկատար` վերականգնելով աշխատանքը: Հիշեցնենք, որ ավելի վաղ կայքը տեղեկացրել էր, որ վթարի հետևանքով ապարախյուսը հոսել է շրջակա միջավայր՝ թափվելով Գեղի տանող ավտոճանապարհի աջ մասում գտնվող հեղեղատարի մեջ, իսկ որոշ մասն էլ թափվել էր Ողջի գետ: