
Շաբաթ օրը Նոր Արեշի 12-րդ փողոցում կնունքի արարողություն էր: Ինչպես գրում է «Հայացք» թերթը, սովորական արհեստավոր ընտանիքը նշում էր թոռան կնունքը: Սակայն ուրախությունը երկար չի տևել: «Երբ փոքրիկ հրավառություն է սկսվել, հանկարծ մի քանի ավտոմեքենային մոտ տասը ջլապինդ երիտասարդներ են հայտնվել և պահանջել են վերջ տալ քեֆին ու փորձել են իրենց հետ տանել տանտիրոջը: Երկար քաշքշուկից և բռունցքների գործադրումից հետո հայտնվել է հարևան Դիմիտրովի փողոցի բնակիչ, վերջերս ինքնասպանություն գործած Միշա Քալանթարյանի որդին և բոլորին խաղաղեցնելով` իր հետ տարել է թիկնապահական ջոկատ հիշեցնող երիտասարդներին: Վերջիններս տանտերերից պահանջում էին դադարեցնել քեֆը, քանի որ մեկ շաբաթ առաջ ողբերգություն էր տեղի ունեցել Քալանթարյանների ընտանիքում: Հարևանների պատմելով` այդ ջահելները Քալանթարյանների տուն հյուր եկած խիստ կարևոր անձնավորության թիկնապահներն էին: Ի դեպ` այդ երկու տները իրարից ավելի քան հարյուր մետր հեռավորության վրա են»,-գրում է թերթը: