29 օգոստոսի 2012 - 10:47 AMT
«Չորրորդ ինքնիշխանություն». Բազմակի քվեարկությունը բացառելու համար կարող է կիրառվել մատների թանաքոտման մեխանիզմը

«Ինչպես հայտնի է ՀՀ ԿԸՀ-ի կողմից Ազգային ժողով ներկայացված և աշնանային նստաշրջանի օրակարգում ընդգրկված «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2012 թվականի մայիսի 6-ի ընտրությունների կազմակերպման և անցկացման, ընտրական օրենսգրքի խախտումների, առաջարկվող օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ» հաղորդագրության մեջ առաջարկվում է վերացնել վերջին ընտրություններում առաջին անգամ կիրառված եւ դժգոհությունների առիթ դարձած ՝ ընտրության մասնակցի անձը հաստատող փաստաթղթի դրոշմակնքման օրենսդրական պահանջը»,-գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը։

Հիշեցնենք, որ չնայած այդ դրոշմակնիքները պետք է անհետանային 12 ժամվա ընթացքում, սակայն անհետանում էին հաշված րոպեներում, ինչի հետ կապված ընդդիմությունը բազմիցս հայտարարել էր, որ դա ընտրակեղծիքներ իրականացնելու համար էր արվել։ Թերթի տեղեկություններով, Հայ ազգային կոնգրեսը այժմ մշակում է օրենսդրական մի փաստաթուղթ, որով առաջարկում է բազմակի քվեարկությունը բացառելու համար ընտրությունների ժամանակ ներդնել մատների թանաքոտման մեխանիզմը։

«Նշենք, որ օրերս ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ևս հայտարարել էր, որ եթե դրոշմակնիքները վերացվեն, ապա պետք է այլընտրանքային ինչ-որ մեխանիզմ ներդնել, որը կարող է լինել մատների թանաքոտումը»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը»: