29 օգոստոսի 2012 - 14:41 AMT
Բենուա Շին. «Ֆրանս Տելեկոմ» ընկերությունը Հայաստանում ներդրել է 250 մլն եվրո

«Ֆրանս Տելեկոմ» ընկերությունը Հայաստանում ներդրել է 250 մլն եվրո: Այդ մասին օգոստոսի 29-ին Երևանում մամլո ասուլիսում հաղորդել է «Օրանժ-Ֆրանս Տելեկոմ» խմբի եվրոպական շուկաների գծով փոխնախագահ Բենուա Շինը: «Այսօր «Օրանժ» ընկերությունը Հայաստանի շուկայում ներկայացված է արդեն շուրջ 3 տարի և, լինելով 3-րդ օպերատորը, ունի 600-հազարանոց բաժանորդային բազա»,- հայտարարել է նա:

Բենուա Շինը գտնվում է Հայաստանում «Օրանժ Արմենիա» ընկերության նոր գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիտբերին ներկայացնելու համար, ով փոխարինելու է ընկերության գործող ղեկավար Բրունո Դյութուային արդեն հաջորդ շաբաթվանից: Ինչպես հայտնել է Շինը, ընկերության գործունեության ընթացքում նրա նպատակը եղել է ոչ թե մեծ բաժանորդային բազա ստեղծելը, այլ նորարարական և բարձրորակ ծառայություններ ներմուծելը, բնակչության համար դրանց մատչելիությունը բարձրացնելը:

«Եվ այդ ամենն օգնել է մեզ հասնել դրված նպատակին` դառնալ երկրի սիրված ապրանքանիշը: Մեր եռամսյակային տվյալները վկայում են այդ մասին»,- ասել է Բենուա Շինը: