29 օգոստոսի 2012 - 14:01 AMT
Ոստիկանությունը պարզաբանել է, թե ինչու «Զվարթնոց» օդանավակայանում սիրիահայ ընտանիքին մուտքի թուլտվություն չեն տվել

Ոստիկանությունը պարզաբաել է «Զվարթնոց» օդանավակայանում նախօրեին տեղի ունեցած միջադեպը: «Հայկական ժամանակ» օրաթերթը գրել էր, որ սիրիահայ մի ընտանիքի «Զվարթնոց» օդանավակայանի սահմանապահները թույլ չեն տվել մուտք գործել Հայաստան և պատրաստվում են նրանց արտաքսել Թուրքիա, որտեղից նրանք ժամանել են: Ըստ ահազանգի, սիրիահայ ընտանիքը` տատը, դստրերը և թոռները, արդեն մեկ օր է՝ ուղևորների համար նախատեսված փակ տարածքում են:

Ահազանգողի խոսքով, սիրիահայերի ընտանիքին սահմանապահները մուտքի թույլտվություն չեն տվել, քանի որ երեխաներն արաբական ազգանուններով են: Այս միջադեպի հետ կապված ոստիկանության տարածած հաղորդագրությոն մեջ ասվում է. «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է այն պետությունների ցանկը, որոնց քաղաքացիները մուտքի վիզա ստանալու համար կարող են դիմել միայն օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններ եւ հյուպատոսական հիմնարկներ և միայն նշված օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված հրավերի հիման վրա: ՀՀ կառավարության 2008 թվականի ապրիլի 4-ի թիվ 329-Ն որոշմամբ սահմանվել է նշված պետությունների ցանկը: Սիրիան նույնպես ընդգրկված է նշված ցանկում:

«Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4.1-րդ մասի համաձայն ՀՀ կառավարության 2008 թվականի ապրիլի 4-ի թիվ 329-Ն որոշմամբ նշված պետությունների ազգությամբ հայ քաղաքացիները Հայաստանի Հանրապետության սահմանային անցման կետերում կարող են ստանալ մուտքի վիզա առանց հրավերի: Ազգությամբ հայ հանդիսանալու հանգամանքը հիմնավորող փաստաթղթերի ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

ՀՀ կառավարությունը 2012 թվականի հուլիսի 26-ի թիվ 941-Ն որոշմամբ սահմանել է ազգությամբ հայ հանդիսանալու հանգամանքը հիմնավորող փաստաթղթերի ցանկը, համաձայն որի Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 4-ի N 329-Ն որոշման 1-ին կետով հաստատված ցանկում ընդգրկված պետությունների` ազգությամբ հայ քաղաքացիները եւ ճամփորդական փաստաթղթեր ունեցող` ազգությամբ հայ անձինք Հայաստանի Հանրապետության սահմանային անցման կետերում Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ստանալու համար ներկայացնում են նաև հետեւյալ փաստաթղթերից մեկը` ա. ազգությամբ հայ լինելու վերաբերյալ նշում պարունակող անձնագիր կամ միջազգայնորեն ճանաչված` անձը հաստատող ճամփորդական փաստաթուղթ, բ. ազգությամբ հայ լինելու վերաբերյալ նշում պարունակող ծննդյան վկայական, գ. ազգությամբ հայ լինելու հանգամանքը հիմնավորող այլ փաստաթուղթ` հաստատված օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի կողմից:

Հայաստանի Հանրապետություն ժամանած Սիրիայի 9 քաղաքացիներ չեն ներկայացրել ազգությամբ հայ լինելու հանգամանքը հիմնավորող որևէ փաստաթուղթ»: