29 օգոստոսի 2012 - 14:59 AMT
Վրաստանի վարչապետը գլխավորել է երկիր թափանցած զինված խմբավորման ոչնչացման շտաբը

Ռուս-վրացական սահմանի դաղստանյան հատվածում շարունակվող Վրաստանի ՆԳՆ-ի հակաահաբեկչական գործողության հետ կապված` ձևավորվել է ճգնաժամային իրավիճակի կառավարման արտակարգ շտաբ վարչապետ Վանո Մերաբիշվիլիի ղեկավարությամբ, հաղորդել է ՆԳՆ մամլո ծառայությունը: Ճգնաժամային շտաբի կազմում են ՆԳՆ, ՊՆ և արդարադատության նախարարության ներկայացուցիչները: «Մշակվել է գործողությունների միջգերատեսչական պլան, որը համակարգում է ՆԳՆ-ն»,- ասվում է հաղորդագրությունում:

Ինչպես հաղորդում է «Նովոստի Գրուզիան», Վրաստանի ՆԳՆ-ը գիշերվանից սկսած պատանդներին ազատ արձակելու գործողություն է վարում: Զինված խումբը նկատվել է Թելավիի շրջանի Լապանկուրի գյուղից ոչ հեռու:

«ՆԳՆ ստորաբաժաբումները շրջապատել են կիրճը: Գործողության մանրամասների մասին հասարակությունը շուտով կիրազեկվի»,- հաղորդում է ՆԳՆ-ը:

Վրացական ԶԼՄ-ների տվյալներով, դիվերսանտների խումբը թափանցել է Վրաստան Դաղստանից և գերի վերցրել տեղի բնակիչներին: