«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սաներն այս ամառ երկրորդ անգամ ներկայացրել են Հայաստանը Իզմիրի միջազգային տիեզերական ճամբարում: 12 հայ պատանիներ հուլիսի 29-ից օգոստոսի 4-ը մասնակցեցին տիեզերական ճամբարին: Ճամբարում մասնակիցները ծանոթացել են տիեզերագնացության ձեռքբերումներին, մասնակցել տարբեր գիտափորձերի, մարզվել իսկական տիեզերագնացների նման, ինչպես նաև ներկայացել են սեփական երկրի մշակութային ժառանգությամբ:
Ինչպես և նախորդ տարի, այս տարի ևս սաները բաց չեն թողել Արևմտյան Հայաստանը տեսնելու հնարավորությունը: Սկզբում նրանք այցելել են Ստամբուլ, շրջել քաղաքով, եղել «Ակոս» թերթի խմբագրատանը: Ապա մեկնել են Իզմիրի տիեզերական ճամբար, որից հետո այցելել են Արևմտյան Հայաստանի նշանավոր քաղաքները` Մուշ, Վան, Կարս և Անի:
Իզմիրի միջազգային տիեզերական ճամբարում հայկական խմբի ղեկավարներից Հասմիկ Նալբանդյանը նշել է ուսումնական և հետազոտական դասընթացի կազմակերպման բարձր մակարդակը: Արտակ Զարգարյանն իր հերթին կարևորել է երեխաների ձեռք բերած փորձը:
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Տիեզերք» ակումբի ղեկավար Լևոն Արամյանը, որի սաներն էին մեկնել ճամբար, հաղորդել է, որ հանգամանորեն նախապատրաստել էր երեխաներին պրեզենտացիաների, անիմացիաների, ինչպես նաև կինոլեկտորիումներով միջոցով: «Սաները տեղյակ էին ՆԱՍԱ-ի բոլոր նախագծերից: Մենք ստացել ենք նաև մյուս տարվա ճամբարին մասնակցելու հրավեր և կրկին մրցույթ կանցկացնենք մասնակիցներին ընտրելու համար: Այս անգամ մասնակցության հնարավորություն կտանք նաև մյուս հանրակրթական դպրոցներին:
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանն իր հերթին հույս է հայտնել, որ աշակերտների մասնակցությունը տիեզերական միջազգային ճամբարին հիմք կհանդիսանա Հայաստանում հթրիռաշինության, տիեզերագնության հիմքերը դնելու համար: Նա հաղորդել է նաև, որ մտադիր է 2013-ին ՆԱՍԱ-ի տիեզերական ճամբար բացել Երևանում` օգտագործելով կրթահամալիրի` երկու տարվա մասնակցության փորձը:
Իզմիրի պատանեկան ճամբարը հիմնադրվել է ամերիկյան ՆԱՍԱ տիեզերական հետազոտությունների կենտրոնի կողմից և միակն է, որը միջազգային կարգավիճակ ունի ի տարբերություն մյուս երեք ճամբարների Ճապոնիայում, Կանադայում և ԱՄՆ-ում: