29 օգոստոսի 2012 - 15:22 AMT
Վերջին 4 տարիների ընթացքում ամենաշատ եկամուտներն ստացել են Լոռու մարզպետները

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հրապարակել է ՀՀ մարզպետների և ՀՀ մարզպետներին փոխկապակցված անձանց գույքի և եկամուտների մասին տեղեկությունները: Ըստ այդմ՝ 2011թ.-ին ամենաշատ եկամուտն ունեցել է Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը` 52.718.634 ՀՀ դրամ և 80.000 ԱՄՆ դոլար: Նրան հաջորդում է ՀՀ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, ում ստացած եկամուտը կազմել է 2.288.160 ՀՀ դրամ և 20.000 ԱՄՆ դոլար (ընդհանուր մոտավորապես 10.288.160 ՀՀ դրամ): 2011թ.-ին ամենաշատ եկամուտ ստացած մարզպետներից երրորդը ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանն է` 10.576.600 ՀՀ դրամ եկամուտով:

Պարզվում է՝ վերջին 4 տարիների ընթացքում Լոռու մարզպետներն ամենաշատ եկամուտներն են ստացել, ընդ որում 4 տարուց 3-ում եղել են առաջինը: Այսպես, 2008թ.-ին Լոռու նախկին մարզպետ Արամ Քոչարյանն առաջինն էր (35.070.600 դրամ), 2010թ.-ին Լոռու ներկայիս մարզպետ Արթուր Նալբանդյանը առաջինն էր (17.739.735 դրամ) 2011թ.-ին նա կրկին առաջինն է, այս անգամ՝ 52.718.634 ՀՀ դրամ և 80.000 ԱՄՆ դոլար եկամուտով:

2011թ.-ին ամենաքիչ եկամուտն ստացել է ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը՝ 2.359.603 ՀՀ դրամ: Հաջորդը ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանն է՝ 2.497.584: 2011թ.-ի ամենաքիչ եկամուտը ստացած մարզպետների եռյակը եզրափակում է ՀՀ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը՝ 2.517.088 ՀՀ դրամ եկամուտով:

Մնացած մարզպետների` 2011թ.-ի ընթացքում ստացած եկամուտների չափը տատանվում է 2.6-5.3 մլն դրամի սահմաններում: Բոլոր մարզպետները միասին 2011թ.-ին ունեցել են 89.800.636 ՀՀ դրամ և 100.000 ԱՄՆ դոլար եկամուտ:

ՀՀ մարզպետների փոխկապակցված անձանցից 2011թ.-ին ամենաշատ եկամուտն ստացել է Վայոց Ձորի մարզպետ Սերգեյ Բագրատյանի կինը՝ 2.160.000 ՀՀ դրամ: Նրան հաջորդում են Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի կինը և ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կինը՝ համապատասխանաբար 2.095.712 ՀՀ դրամ և 1.272.000 ՀՀ դրամ եկամուտներով: 2011թ.-ին ամենաքիչ եկամուտն ստացել է Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի կինը՝ 600.000 ՀՀ դրամ: Հաջորդը Վայոց Ձորի մարզպետ Սերգեյ Բագրատյանի որդին է՝ 900.000 ՀՀ դրամ: Երրորդ տեղը կիսել են Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի կինը և Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանի կինը՝ յուրաքանչյուրը 1.200.000-ական ՀՀ դրամ եկամուտով:

Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանի որդին՝ 1.510.0 ՀՀ դրամ (տվյալները ներկայացված են ըստ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովից ստացված տեղեկանքների: Ամենայն հավանականությամբ այս դեպքում խոսքը գնում է 1.510.000 ՀՀ դրամի մասին): ՀՀ մարզպետների մնացած բոլոր փոխկապակցված անձինք 2011թ.-ին եկամուտ չեն ստացել: 2011թ.-ին ՀՀ մարզպետների բոլոր փոխկապակցված անձանց ստացած եկամուտը կազմել է 9.427.712 ՀՀ դրամ (անճշտությունից խուսափելու համար այս գումարում ներառված չէ Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանի որդու ստացած 1.510.0 ՀՀ դրամ եկամուտը):