
2013թ. կեսին ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հույս ունի լուրջ ներդրումներ կատարել 15 դպրոցներում: Ինչպես այսօր Երևանում ՀՀ կրթության և գիտության նախարարության ենթակայության դպրոցների մանկավարժների օգոստոսյան խորհրդակցությանը հաղորդեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, Հայաստանի բոլոր ավագ դպրոցներում մեկ տարվա ընթացքում շենքային պայմանների բարելավման և նյութատեխնիկական զինման համար անհրաժեշտ կլինի մոտ 120 մլն ԱՄՆ դոլար: «Դա ահռելի գումար է մեր պետբյուջեի համար, ուստի պետք է գնանք պայմանների աստիճանական բարելավման ճանապարհով: Այդուհանդերձ պետք է նշեմ, որ դպրոցների նյութատեխնիկական զինման հարցն ավելի բարվոք վիճակում է: Մեզ հաջողվել է համակարգիչներով և նվազագույն անհրաժեշտ տեխնիկայով զինել դպրոցների մեծամասնությունը: Կարելի է ասել, որ խնդրի ողնաշարն արդեն կոտրել ենք»,- հաղորդեց նախարարը:
Աշոտյանն անդրադարձավ նաև ավագ դպրոցների ֆինանսատնտեսական խնդիրներին: «Մեզ մոտ մանկավարժների գերարտադրություն կա. մանկավարժներն ավելի շատ են, քան աշակերտներն ու դպրոցները: Բայց և այնպես, ես հայտարարում եմ, որ պարտքով դպրոցի երևույթը պետք է վերացվի: Պետք է փորձենք ապահովել դպրոցների ֆինանսատնտեսական գործունեության համապատասխան մակարդակը: Պետության կողմից հատկացվող գումարները ճիշտ տնօրինելու դեպքում կկարողանանք բարձրացնել մեր դպրոցականների կրթական մակարդակը, իսկ այն ցածր չէ»,- նշեց նա` շեշտելով, որ միայն այս տարի հայ աշակերտները դպրոցական օլիմպիադաներում 10 մեդալ են նվաճել, ինչը ցածր ցուցանիշ չէ: