29 օգոստոսի 2012 - 17:42 AMT
Ռուս գիտնականները քիչ հավանական են համարում Ապոֆիս աստերոիդի բախումը Երկրի հետ 2036թ.

Ապոֆիս աստերոիդի հետագծի հաշվարկները, որոնք հաշվի են առնում նաև Յարկովսկու էֆեկտի գործոնը, ցույց են տալիս, որ երկիր մոլորակի հետ նրա բախման հավանականությունը շատ փոքր է: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, այդ մասին չորեքշաբթի հայտարարել է ՌԳԱ Աստղագիտության ինստիտուտի առաջատար գիտաշխատող Վիկտոր Շորը՝ ելույթ ունենալով Մոսկվայում Աէրոտիեզերական միջազգային կոնգրեսում:

«Գիտնականները տարբեր կերպ են գնահատում Ապոֆիսի ուղեծիրը: Այս ուղեծիրը հաշվարկելիս հաշվի չի առնվել ոչ գրավիտացիոն արագացումը՝ Յարկովսկու էֆեկտը, որը կարող է զգալիորեն փոխել Ապոֆիսի շարժումը: Այստեղից եզրակացնում ենք, որ աստերոիդի բախման հավանականությունը Երկիր մոլորակի հետ 2036թ. չնչին է»,-ասել է Շորը:

Ըստ մասնագետների, Ապոֆիսը 38 հազար կմ հեռավորության վրա կմոտենա Երկիր մոլորակին 2029թ. ապրիլի 13-ին: