Նազելի Վարդանյան. Հայաստանը պետք է ամեն ինչ անի թույլ չտալու համար Սաֆարովի էքստրադիցիան Ադրբեջան

Նազելի Վարդանյան. Հայաստանը պետք է ամեն ինչ անի թույլ չտալու համար Սաֆարովի էքստրադիցիան Ադրբեջան

PanARMENIAN.Net - Հայաստանը պետք է ամեն ինչ անի թույլ չտալու համար, որ հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովը էքստրադիցիայի ենթարկվի Ադրբեջան: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Գուրգեն Սաֆարյանի ընտանիքի շահերի ներկայացուցիչ փաստաբան Նազելի Վարդանյանը՝ մեկնաբանելով լուրերն այն մասին, թե սկսվել է Սաֆարովին Ադրբեջան էքստրադիցիայի ենթարկելու գործընթացը:

Ըստ փաստաբանի, եթե Սաֆարովն էքստրադիցիայի ենթարկվի ու ազատ արձակվի, ոչ Հայաստանը, ոչ Հունգարիան, ըստ միջազգային օրենսդրության, այլևս ոչինչ չեն կարողանա անել:

Այդ առնչությամբ Վարդանյանը կարևորել է այն հանգամանքը, որ արդեն այժմ հարկավոր է Հունգարիայի իշխանությունների ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ Սաֆարովի էքստրադիցիան ինքնաբերաբար կնշանակի, որ նա կխուսափի արժանի պատժից՝ հաշվի առնելով, որ նրան Ադրբեջանում ոչ թե մարդասպան են համարում, այլ «ազգային հերոս»: «Նույնիսկ նրանց փաստաբանը դատարանում խոստովանեց, որ հայի սպանությունն Ադրբեջանում հանցագործություն չէ»,-ասել է նա: Վարդանյանի հետ համաձայն էր «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ ղեկավար, ՀՀ առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը: Նա նշեց, որ հենց այդ նպատակով Հայաստանի 80 ՀԿ-ներ ստորագրահավաք են սկսել, նպատակ ունենալով դիմել Հունգարիայի իշխանություններին, որպեսզի կանխվի Սաֆարովի էքստրադիցիան:

Նա նաև չի հաստատել, որ ակցիան կապված է Հայաստանի իշխանությունների հետ՝ նշելով, որ պետական կառույցները, մասնավորապես ԱԳՆ-ն, պետք է առավել ակտիվ լինեն այս հարցում, մասնավորապես, հարցում հղեն և պարզեն, թե իրոք սկսվել է Սաֆարովի էքստրադիցիայի գործընթացը:

2004թ. փետրվարի 19-ին լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը Բուդապեշտում գազանաբար կացնահարվեց ադրբեջանցի սպա, ավագ լեյտենանտ Ռամիլ Սաֆարովի կողմից: Երկուսն էլ Բուդապեշտում մասնակցում էին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում կազմակերպված անգլերեն լեզվի դասընթացներին:

2006թ. ապրիլի 13-ին մարդասպանը Բուդապեշտում դատապարտվեց ցմահ բանտարկության՝ 30 տարվա ընթացքում առանց ներման իրավունքի:

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով Գուրգեն Մարգարյանը 2005թ. փետրվարի 19-ին հետմահու պարգևատրվեց «Արիության համար» մեդալով՝ ծառայության ընթացքում դրսևորած արիության ու ինքնազոհողության համար: Ինչպես օրերս հայտնել է Հայոց ցեղասպանության թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը, Սաֆարովի գործը բացահայտում է հայ-ադրբեջանական հարաբերությունների ևս մեկ կարևոր ասպեկտ, այն է, որ ադրբեջանցի սպաները ուսոցում են անցնում Թուրքիայի հատուկ ջոկատներում, որոնք գտնվում են գրավյալ Հյուսիսային Կիպրոսի տարածքում: «Ի՞նչ են անում ադրբեջանցի սպաները Կիպրոսում: Նրանց այնտեղ սովորեցնում են սպանել, դա պարզ է դառնում Սաֆարովի գործողություններից, որը նախապես կացին էր գնել, սրել էր այն ու ի վերջո կացնահարել հայ զինվորականին»,-հավելել է նա:

Ինչպես նշել է Դեմոյանը, Սաֆարովի գործում մեծ դերակատարություն ունեցավ դատավոր Անդրեա Վասկուտտին, որը «կարողացավ հասնել դատապարտյալի արդարացի դատական փորձաքննությանը, որի արդյունքում ապացուցվեց, որ Սաֆարովը մեղսունակ է և կանխամտածված է կատարել սպանությունը»:

Վերջում Դեմոյանը հայտարարեց, որ «Սաֆարովի դատավճիռը Ադրբեջանի ղեկավարության դատավճիռն է:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---