15 փետրվարի 2005 - 20:19 AMT
«1994 ԹՎԱԿԱՆԻ ԶԻՆԴԱԴԱՐԻՑ ՀԵՏՈ ԵՐԲԵՔ ԵՎ ՈՉ ՄԻ ՏԵՂ ԵՍ ՉԵՄ ԱՍԵԼ, ԹԵ ՄԵՆՔ ՀԱՂԹԵԼ ԵՆՔ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ»,ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ
«Պետք է ասեմ, որ 1994 թվականի զինադադարից հետո երբեք եւ ոչ մի տեղ, նույնիսկ նեղ շրջանակում, ես չեմ ասել, որ մենք հաղթել ենք պատերազմում: Եվ դա իմ համոզմունքն է: Զինադադարը շարունակվում է, եւ ես գտնում եմ, որ ժամանակը չէ օգտագործելու «հաղթող», կամ «պարտվող» բառերը»,-«Երկիր» շաբաթաթերթի ինտերնետ-կայքի օն-լայն հարցազրույցում հայտարարել է ՀՀ նախագահին կից Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: Նրա խոսքերով, գուցե այդ հարցը ծագում է այն պատճառով, որ ադրբեջանցիները իրենց պարտված կողմ են համարում: «Սակայն Հայաստանում, նրանց թիվը, ովքեր գտնում են, թե մենք հաղթել ենք պատերազմում, շատ ավելի քիչ է, քան Ադրբեջանում նրանց թիվը, ովքեր իրենց պարտված են համարում: Ես հասկանում եմ, որ ռազմական գործողությունները դեռեւս ավարտված չեն, կա պատերազմի վերսկսման վտանգը, սակայն եւ այսօր եւ տեսանելի ապագայում ադրբեջանական բանակը հնարավորություն չի ունենալու գրավել Շուշին կամ Ստեփանակերտը»,-նշել է Սերժ Սարգսյանը: «Ի դեպ, ուզում եմ անդրադառնալ նաեւ այն փաստին, որ հարցում, Ադրբեջանի օրինակով, ԼՂՀ մայրաքաղաքը անվանվում է Խանքենդի: Ի՞նչ է սա նշանակում: Նշված քաղաքը եղել է ԼՂԻՄ մայրաքաղաքը եւ կոչվել է Ստեփանակերտ Ղարաբաղի ժողովրդի ցանկությամբ եւ որոշման համաձայն: Այսօր այդ քաղաքաը ԼՂՀ մայրաքաղաքն է եւ շարունակում է կոչվել Ստեփանակերտ, նույնպես ըստ ժողովրդի ցանկության եւ որոշման: Եթե Ադրբեջանում չեն հարգում Ղարաբաղի ժողովրդի այդ տարրական ցանկությունը եւ որոշումը եւ մերժում են այդ ժողովրդի իրավունքը իրենց հայեցողությամբ անվանելու իրենց մայրաքաղաքը, ապա ինչ եզրակացություններ կարելի է անել Ադրբեջանի երաշխիքներ տրամադրելու հավաստումներից, երբ կդրվի Ղարաբաղի ժողովրդի ֆիզիկական անվտանգության եւ այլ հիմնարար իրավունքների մասին հարցը: Հարկավոր է մտածել այդ հարցի շուրջ: Մենք վաղուց արդեն մատծել ենք եւ գտել ենք պատասխանը»,-հայտարարել է նա: