15 փետրվարի 2005 - 20:32 AMT
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՐՋԱՓԱԿՈՒՄԸ ՈՐՈՇ ԻՄԱՍՏՈՎ ՍՈՎՈՐԵՑՐԵԼ Է ՄԵԶ ԶԱՐԳԱՑՆԵԼ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՏԱԿԱՐԳ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ
«Ի՞նչ է նշանակում Հայաստանը գնում է դեպի ինքնամեկուսացում: Ինչու՞ Հայաստանը պետք է գնա դեպի ինքնամեկուսացում: Կարելի է խոսել Հայաստանի շրջափակման մասին Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից: Սակայն ակնհայտ է, որ նույնիսկ այդ պայմաններում, որոնք, իհարկե, չի կարելի բարենպաստ անվանել, Հայաստանի տնտեսությունը զարգանում է»,- «Երկիր» շաբաթաթերթի ինտերնետ-կայքի օն-լայն հարցազրույցում հայտարարել է ՀՀ նախագահին կից Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: Նրա խոսքերով, հանրապետության տնտեսությունը զարգանում է 10-13 տոկոս աճով եւ Երեւան եկած ցանակացած մարդ, առաջին հերթին, օտարերկրացի, անզեն աչքով տեսնում է օրեցօր տեղի ունեցող փոփոխությունները: «Ի վերջո Հայաստանի շրջափակումը որոշ իմաստով սովորեցրել է մեզ զարգացնել տնտեսությունը արտակարգ պայմաններում: Եվ դեռեւս հարց է` արտակարգ իրավիճակի պայմաններում ո՞ր պետության փորձը եւ ո՞ր չափով հնարավորություն կտա պատվով դուրս գալ այդ իրավիճակից: Այնպես որ պետք չէ հույս դնել Հայաստանի մեկուսացման վրա»,-նշել է ՀՀ ՊՆ ղեկավարը: Նրա խոսքերով, Հայաստանը վարում է լայն եւ բազմակողմ միջազգային քաղաքականություն: «Մենք հույսներս դրել ենք մեր ոգու, մեր պայքարի արդարացիության եւ արդարության վրա: Մենք հույսներս դրել ենք մարդկային արժեքների վրա, որոնց շրջանակներում է եւ տարածքային ամբողջականությունը, եւ ազգերի ինքնորոշումը, որոնք վերաբերում են Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներին»,-ավելացրել է նա: Ս.Սարգսյանի խոսքերով, Հայաստանի ինքնամեկուսացման մասին հարցը հիշեցնում է 90-ականների սկզբի ադրբեջանական հասարակության որոշ ներկայացուցիչների, ղեկավարների մտածելակերպը, երբ նրանց թվում էր, թե Ղարաբաղը այնքան թույլ է Ադրբեջանի համեմամատությամբ, որ ցանկության դեպքում, առանց լուրջ ջանքների նրան կարելի կլինի հանգիստ գրավել: «Ես մի անգամ ասել եմ մամուլում, որ այդ շրջանում Ադրբեջանում հաճախակի էին փոխվում իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչները, այդ թվում եւ պաշտպանության նախարարները: Նրանցից յուրաքանչյուրը, զբաղեցնելով այդ պաշտոնը, հանդե էր գալիս հրապարակում ժողովրդի առջեւ եւ խոստանում էր, որ մեկ շաբաթ անց թեյ է խմելու Շուշիյում կամ Ստեփանակերտում: Սակայն, բոլորը տեսան, թե ինչպես շրջվեց իրավիճակը»,-եզրափակել է նախարարը: