15 փետրվարի 2005 - 21:28 AMT
ՈՉ ՄԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱ ՈՒԺ` ԼԻՆԻ ԴԱ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԹԵ ՍՓՅՈՒՌՔՈՒՄ, ԿԱՍԿԱԾԻ ՏԱԿ ՉԻ ԴՆՈՒՄ ՎՐԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Ոչ մի հայկական քաղաքական ուժ` լինի դա Հայաստանում թե Սփյուռքում, կասկածի տակ չի դնում Վրաստանի տարածքային ամբողջականությունը, «Երկիր» շաբաթաթերթի ինտերնետ-կայքի օն-լայն հարցազրույցում հայտարարել է ՀՀ նախագահին կից Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: Նրա խոսքերով` Ջավախքի հարցը, կապված Վրաստանի տարածքային ամբողջականության հետ, Հայաստանի ներկայիս ղեկավարության համար գոյություն չունի: Խոսվում է միայն Ջավախքի մշակութային ինքնավարության մասին: Վրաստանի համար ճակատագրական տարիներին Հայաստանը գործով ապացուցեց, որ շահագրգռված է բարեկամական պետության տարածքային ամբողջականությունում: Մենք բազմիցս հայտարարել ենք, որ կայունությունը Վրաստանում կենսական կարեւոր նշանակություն ունի Հայաստանի համար: Խոսելով ամերիկա-իրանական տարաձայնությունների ուժային լուծման հնարավորության մասին` Ս.Սարգսյանը նշել է, որ «մենք հուսով ենք, որ ռազմական գործողություններ չեն լինի, եւ տարածաշրջանում` այս անգամ մեր անմիջական հարեւանությամբ չեն հայտնվի լարվածության նոր օջախներ»: Նրա խոսքերով` Հայաստանի համար դա վտանգավոր է նաեւ այն առումով, որ ցանկացած լարվածություն եւ առավել եւս ռազմական գործողություն կարող է դետոնատորի դեր խաղալ: «Հուսով ենք, որ ամերիկա-իրանական հարաբերությունները կբարելավվեն, գոյություն ունեցող խնդիրները կկարգավորվեն խաղաղ ճանապարհով»,- ավելացրել է նախարարը: