31 օգոստոսի 2012 - 18:46 AMT
Վարդան Ղուկասյանի որդին հետախուզվում է. նոր մանրամասներ Գյումրիում հնչած կրակոցների գործով

Հայաստանի կառավարությանն առընթեր ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում 4 անձ ներգարավվել է որպես մեղադրյալ, իսկ 1-ը ձերբակակվել է` խուլիգանություն կատարելու կասկածանքով: Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, որ 2012թ. օգոստոսի 24-ին` ժամը 22:30-ի սահմաններում, Գյումրու Ռուսթավելի փողոցում` «Հրաշքների Աշխարհ» մանկական խաղասրահի դիմաց, Սպարտակ Ղուկասյանը, Հ. Համբարյանը, Պ. Մադոյանը և մյուսները վիճաբանել են Ա. Պողոսյանի, Կ. Գարայանի և վերջինիս ընկերների հետ:

Հիշյալ անձինք խմբերով միմյանց ծեծի են ենթարկել, հայհոյել, որի ընթացքում Ս. Ղուկասյանը և Կ. Գարայանը գործադրել են իրենց մոտ ապօրինի պահվող հրազեն հանդիսացող զենքերը, դրանցից կրակ են արձակել և դիմել փախուստի:

Դեպքի առթիվ 2012թ. օգոստոսի 27-ին հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ և 235-րդ հոդվածի 1-ին մասերով:

2012թ. օգոստոսի 29-ին Ս. Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ և 235-րդ հոդվածի 1-ին մասերով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել հետախուզում: 2012թ. օգոստոսի 31-ին որոշումներ են կայացվել` Ա. Պողոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել հետախուզում:

2012թ. օգոստոսի 31-ին որոշումներ են կայացվել` Կ. Գարայանին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ և 235-րդ հոդվածի 1-ին մասերով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել հետախուզում:

2012թ. օգոստոսի 30-ին Պ. Մադոյանը ձերբակալվել է` ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով:

2012թ. օգոստոսի 31-ին Հ. Համբարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: