31 օգոստոսի 2012 - 19:20 AMT
Նաիրա Զոհրաբյանը խորհրդարանում կհարցնի ՀՀ ԱԳՆ աշխատանքի մասին, սակայն ըստ էության պատասխան չի ակնկալում

Եվրաինտեգրման հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը PanARMENIAN.Net թղթակցին մեկնաբանել է հայ սպային սպանելու համար Հունգարիայում ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովին Ադրբեջան արտահանձնումը, որտեղ նա միանգամից ներման է արժանացել երկրի նախագահ Իլհամ Ալիևի կողմից:

Ըստ նրա, ՀՀ ԱԳՆ-ին ուղղված հարեցեր կան. գիտեի՞ն արդյոք, որ Սաֆարովին պատրաստվում են արտահանձնել: Ընդ որում, նա նշել է, որ «ԱԳՆ-ն պետք է իմանար այն մասին, որ Ադրբեջանը ոչ մի վայրկյան չի դադարեցրել այդ ուղղությամբ աշխատանքները»:

Նա հավելել է, որ այժմ ԱԳՆ-ն կսկսի արդարանալ, սակայն ակնհայտ է, որ կա արտաքին քաղաքականության ոլորտում համակարգված աշխատանքի պակաս: Որպես իր խոսքերի ապացույց նա նշել է ԵԽԽՎ-ն, որտեղ հայկական պատվիրակությունը վարում է «մորատորիումի» տարօրինակ քաղաքականություն` երկու նստաշրջանների ընթացքում չպատասխանելով ադրբեջանական լուտանքներին և հակահայկական ելույթներին` պատճառաբանելով, որ «պետք է ավելի բարձր լինել ադրբեջանական ելույյթներից»:

Զոհրաբյանը նկատել է, որ նման քաղաքականության արձագանքների հետևանքներից է Սաֆարովի ազատ արձակումը: Այս համատեքստում նա հիշեցրել է, որ Ադրբեջանն ընտրվել է որպես ՄԱԿ-ի ԱԽ-ի ոչ մշտական անդամ: «Սա լուրջ միտում է, որին պետք է դիմակայել համակարգված աշխատանքով, այլ ոչ թե մեր դեսպանատների անգործությամբ»:

Պատգամավորի խոսքով, նա պատրաստվում է Ռամիլ Սաֆարովի արտահանձնման կապակցությամբ հարց առաջադրել ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին: Ընդ որում, նա կասկածում է, որ կստանա «արձանագրային կամ դեկլարատիվ պատասխանից բացի որևէ այլ պատասխան»:

Այսօր տեղեկություններ հայտնվեցին Հունգարիայից Ադրբեջան ցմահ բանտարկված Սաֆարովի էքստրադիցիայի մասին, Ադրբեջանում նրան անմիջապես ներում է շնորհվել:

2004թ. փետրվարի 19-ին լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը Բուդապեշտում գազանաբար կացնահարվեց ադրբեջանցի սպա, ավագ լեյտենանտ Ռամիլ Սաֆարովի կողմից: Երկուսն էլ Բուդապեշտում մասնակցում էին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում կազմակերպված անգլերեն լեզվի դասընթացներին:

2006թ. ապրիլի 13-ին մարդասպանը Բուդապեշտում դատապարտվեց ցմահ բանտարկության՝ 30 տարվա ընթացքում առանց ներման իրավունքի:

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով Գուրգեն Մարգարյանը 2005թ. փետրվարի 19-ին հետմահու պարգևատրվեց «Արիության համար» մեդալով՝ ծառայության ընթացքում դրսևորած արիության ու ինքնազոհողության համար: