Բարաք Օբաման հիասթափված է հայ սպային կացնահարած Սաֆարովին ներելու որոշմամբ

Բարաք Օբաման հիասթափված է հայ սպային կացնահարած Սաֆարովին ներելու որոշմամբ

PanARMENIAN.Net - ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի մամլո քարտուղար Թոմի Վիետտորը մեկնաբանել է հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության համար Հունգարիայում ցմահ բանտարկության դատապարտված Ռամիլ Սաֆարովին Հունգարիայի կողմից Ադրբեջանին հանձնելու և նրան ներելու Ադրբեջանի որոշումը: «Նախագահ Բարաք Օբաման լրջորեն մտահոգված է այն հաղորդագրությամբ, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը անհապաղ ներում է շնորհել Ռամիլ Սաֆարովին Հունգարիայից վերդառնալուց անմիջապես հետո: Մենք մեր հիասթափությունն ենք հայտնել Ադրբեջանի իշխանություններին Սաֆարովի վերաբերյալ նրանց որոշման առնչությամբ, որը հակասում է լարվածության նվազեցմանը տարածշրջանում և հաշտեցման հաստատմանը: ԱՄՆ-ն նաև բացատրություններ է ակնկալում Հունգարիայից Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու վերաբերյալ»:

ԱՄՆ Պետդեպարտամենտը նույնպես դատապարտել է Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիան ու ներումը: «ԱՄՆ-ն չափազանց մտահոգված է Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու որոշման մասին տեղեկությամբ: Մենք նաև մանրամասն տեղեկատվություն ենք ակնկալում Հունգարիայից Սաֆարովի էքստրադիցիայի մասին»:

Ցմահ բանտարկության դատապարտված Սաֆարովը արտահանձնվել է Ադրբեջանին, որտեղ նրան անհապաղ ներում է շնորհել Ադրբեջանի նախագահը:

Գուրգեն Մարգարյան

2004-ի փետրվարի 19-ին ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը գիշերը կացնահարել է հայ Գուրգենի Մարգարյանին, երբ նա քնած էր: Երկուսն էլ մասնակցում էին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված անգլերենի դասընթացներին: Սաֆարովն առաջին հարցաքննության ժամանակ իր արարքի պատճառներն այսպես է բացատրել. «Ափսոսում եմ, որ ոչ մի հայ մինչ այժմ չեմ սպանել... Բանակն ինձ գործուղեց այս դասընթացներին, և այստեղ իմացա, որ մեզ հետ դասընթացներում նաև երկու հայ կա: Ասեմ, որ իմ մեջ ատելություն ծագեց հայերի հանդեպ: Սկզբում բարևում էինք, այսինքն` նրանք էին բարևում, ես չէի պատասխանում: Սպանության պատճառն այն է, որ նրանք անցան մեր մոտով և ժպտացին մեր երեսին: Այդ պահին որոշեցի սպանել նրանց, այսինքն՝ լուսադեմին կտրել գլուխները»:

2006-ի ապրիլի 13-ին Բուդապեշտի առաջին ատյանի դատարանը դատապարտել է Սաֆարովին ցմահ բանտարկության առանց ներման իրավունքի 30 տարվա ընթացքում: 2007-ի փետրվարին Վճռաբեկ դատարանը դատավճիռն ուժի մեջ է թողել:

2012-ի օգոստոսի 31-ին Հունգարիան Ռամիլ Սաֆարովին արտահանձնել է Ադրբեջանին, որտեղ նրան որպես հերոս են դիմավորել: Նախագահ Իլհամ Ալիևը նրան ներելու մասին հրամանագիր է ստորագրել, վճարել 8 տարվա աշխատավարձն ու բարձրացրել զինվորական կոչումը:

Ավելի ուշ Հայստանի ԱԳՆ-ն Հունգարիայի արտգործնախարարությանը տեղեկացրել է երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու` ՀՀ կառավարության որոշման մասին։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---