1 սեպտեմբերի 2012 - 14:13 AMT
Շահան Քանդահարյան. Սաֆարովին ներում շնորհելու մասին Ալիևի որոշումը անակնկալ չէր

Հայ սպա Գուրգեն Մարգարյանին Բուդապեշտում կացնահարած ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու մասին Ալիևի որոշումը անակնկալ չէր՝ մարդասպանը ազատ արձակելու առումով, PanARMENIAN.Net-ի թղթակցին է ասել Բեյրութում հրատարակվող «Ազդակ» թերթի խմբագիր Շահան Քանդահարյանը։ «Ադրբեջանը վաղուց արդեն հերոսի նման էր ընկալում ոճրագործին։ Խնդիրը այստեղ Հունգարիայի իշխանություններին ընդառաջ գնալն էր Բաքվի առաջարկած գործարքին։ Կարծում եմ համայն հայության քարոզչաքաղաքական գործողությունները պետք է ուղղել Հունգարիայի առած քայլին դեմ լուսարձակի տակ բերելով առնված քայլին հակաօրինականությունը, Եվրոպական նորմերի հետ հակասությունը շեշտելով, որ երևույթը անուղղակի քաջալերում է մարդասպանությունը։ Այս դեպքում սա խոսում է մարդասպանության անպատժելիության և անուղղակի խրախուսում է էթնիկ հողի վրա նման սպանությունների կրկնությունը»,-ասել է Քանդահարյանը:

Նա նշել է նաև, որ ՀՀ նախագահի քայլը՝ դադարեցնելու Հունգարիայի հետ դիվանագիտական կապերը, սկսելու համար ընկալելի քայլ է, որին պետք է հետևեն այլ որոշումներ։ Համոզված եմ, որ Սփյուռքը անելիք ունի՝ օտար երկրներում հարցը բարձրաձայնելու և պատահածը հակադրելու միջազգային և եվրոպական նորմերին դեմ»,-ասել է Քանդահարյանը: