17 փետրվարի 2005 - 16:45 AMT
ՌԴ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐ. ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾ Է ՆԱԽԿԻՆ ԽՍՀՄ ՏԱՐԱԾՔԻ ԲՈԼՈՐ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ
«Նախկին ԽՍՀՄ տարածքի բոլոր հակամարտությունների կարգավորումը բխում է մեր ազգային շահերից»,-հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանի հետ հանդիպման ժամանակ: Ս.Լավրովը արտահայտվել է այն բանի օգտին, որ ներկայիս բանակցությունների ընթացքում նախարարները քննարկեն երկկողմ հարաբերությունները եւ երկու երկրների նախագահների հանձնարարականների կատարման ընթացքը: «Մեր հարաբերությունները գործընկերների, դաշնակիցների հարաբերություններ են, լինի դա տնտեսության, թե անվտանգության ոլորտում»,-ասել է Լավրովը: Ինչպես նշել է Հայաստանի ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանը, «սա պատմական այց է»: Նա հիշեցրել է, որ սա Սերգեյ Լավրովի առաջին այցն է Երեւան արտգործնախարարի պաշտոնում: «Ձեր առաջին այցն եղել է 1993 թվականին փոխնախարարի պաշտոնում: Այն օրերից ի վեր շատ բան է փոխվել, եւ այդ փոփոխություններում փոքր չէ Ռուսաստանի դերը: Այդ տարիների ընթացքում մենք կարողացանք շատ բարձր մակարդակի հարաբերություններ կառուցել: Այսօր դա ռազմավարական գործընկերության մակարդակ է»,-նշել է նախարարը: Նա ընդգծել է, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ գործնականում քաղաքական տարակարծություն չկա: «Մենք ընդհանուր շահեր ունենք տարածաշրջանում եւ գլոբալ իրադարձությունների ոլորտում»,-ասել է Օսկանյանը: