Պաշտոնական Բուդապեշտը դատապարտել է Սաֆարովին ներում շնորհելը և ստի մեջ մեղադրել Ադրբեջանին

Պաշտոնական Բուդապեշտը դատապարտել է Սաֆարովին ներում շնորհելը և ստի մեջ մեղադրել Ադրբեջանին

PanARMENIAN.Net - Պաշտոնական Բուդապեշտն անընդունելի է համարում և դատապարտում հայ սպային սպա Գուրգեն Մարգարյանին սպանած ադրբեջանցի զինծառայող Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանում ներում շնորհելը: Այդ մասին Բուդապեշտւում Ադրբեջանի դեսպան Վիլայաթ Գուլիևին հայտարարել է Հունգարիայի ԱԳՆ պետքարտուղար Ժոլտ Նեմետը: Նրա խոսքով, դա հակասում է Բաքվի խոստումներին այն մասին, որ Սաֆարովը կշարունակի պատիժ կրել Ադրբեջանում:

Օգոստոսի 15-ին արդարադատության նախարարի տեղակալին ուղղված նամակում հունգարացի գործընկերներին երաշխիքներ են տրվել, որ Սաֆարովի ցմահ բանտարկությունը կարող է փոխարինվել միայն ազատազրկման այլ ժամկետով, և պայմանական վաղաժամկետ ազատ արձակումը հնարավոր է միայն առնվազն 25 տարվա բանտարկությունից հետո:

Հունգարական կողմն Ադրբեջանին հանձնել է նոտա, որում նշվում է, որ Բաքուն չի կատարել իր խոստումները Սաֆարովին հանձնելու պայմանների հետևելու մասին, հաղորդում է Հունգարիայի կառավարության կայքը:

Ցմահ բանտարկության դատապարտված Սաֆարովը արտահանձնվել է Ադրբեջանին, որտեղ նրան անհապաղ ներում է շնորհել Ադրբեջանի նախագահը:

Գուրգեն Մարգարյան

2004-ի փետրվարի 19-ին ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը գիշերը կացնահարել է հայ Գուրգենի Մարգարյանին, երբ նա քնած էր: Երկուսն էլ մասնակցում էին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված անգլերենի դասընթացներին: Սաֆարովն առաջին հարցաքննության ժամանակ իր արարքի պատճառներն այսպես է բացատրել. «Ափսոսում եմ, որ ոչ մի հայ մինչ այժմ չեմ սպանել... Բանակն ինձ գործուղեց այս դասընթացներին, և այստեղ իմացա, որ մեզ հետ դասընթացներում նաև երկու հայ կա: Ասեմ, որ իմ մեջ ատելություն ծագեց հայերի հանդեպ: Սկզբում բարևում էինք, այսինքն` նրանք էին բարևում, ես չէի պատասխանում: Սպանության պատճառն այն է, որ նրանք անցան մեր մոտով և ժպտացին մեր երեսին: Այդ պահին որոշեցի սպանել նրանց, այսինքն՝ լուսադեմին կտրել գլուխները»:

2006-ի ապրիլի 13-ին Բուդապեշտի առաջին ատյանի դատարանը դատապարտել է Սաֆարովին ցմահ բանտարկության առանց ներման իրավունքի 30 տարվա ընթացքում: 2007-ի փետրվարին Վճռաբեկ դատարանը դատավճիռն ուժի մեջ է թողել:

2012-ի օգոստոսի 31-ին Հունգարիան Ռամիլ Սաֆարովին արտահանձնել է Ադրբեջանին, որտեղ նրան որպես հերոս են դիմավորել: Նախագահ Իլհամ Ալիևը նրան ներելու մասին հրամանագիր է ստորագրել, վճարել 8 տարվա աշխատավարձն ու բարձրացրել զինվորական կոչումը:

Ավելի ուշ Հայստանի ԱԳՆ-ն Հունգարիայի արտգործնախարարությանը տեղեկացրել է երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու` ՀՀ կառավարության որոշման մասին։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---