Գերմանահայերը ցույցի դուրս կգան Հունգարիայի դեսպանատան առջև սեպտեմբերի 8-ին

Գերմանահայերը ցույցի դուրս կգան Հունգարիայի դեսպանատան առջև սեպտեմբերի 8-ին

PanARMENIAN.Net - Գերմանահայոց Կենտրոնական Խորհուրդը (ԳԿԽ) տարածել է մամլո հաղորդագրություն, որով հայտնում էր իր ցասումը Հունգարիայի իշխանությունների կողմից ցմահ դատապարտման ենթարկված մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնման և Ադրբեջանի նախագահի կողմից նրան ներում շնորհելու և հերոսացնելու առնչությամբ:

ԳԿԽ-ն հայտնում է իր բողոքն առ այն, որ Հունգարիան և Ադրբեջանը չարադավ դաշինք կնքելով ակնհայտ խախտում են միջազգային իրավունքի բոլոր սկզբունքները: , ասված է հաղորդակցության մեջ: Սպանությունը կատարվել է բացարձակապես ազգային պատկանելության հիման վրա և Եվրոպայի կառավարությունները պետք է այս հարցում հստակ արտահայտեն իրենց տեսակետները և կատարվածին տան քաղաքական գնահատական:

ԳԿԽ-ն ողջունում է ՀՀ իշխանությունների որոշումը Հունգարիայի հետ բոլոր դիվանագիտական հարաբերությունների խզման հարցում, օրինակելի համարում ֆրանսիացի, շվեդ, ամերիկացի բարձրաստիճան այրերի խիստ քննադատությունները Ադրբեջանի և Հունգարիայի իշխանություննրի հասցեին և հույս հայտնում, որ Գերմանիայի իշխանությունները նույնպես կհետևեն Եվրոպայի ու անդրօվկիանոսյան իրենց արդարամիտ գործընկերների օրինակին ու Բաքու-Բուդապեշտ իշխանական դավադիր զույգին կդատապարտեն նրանց կատարած հանցանքին համարժեք:

«Այսպիսի դավադրությունները չպետք է հանդուրժվեն ու պետք է ունենան դրանց համարժեք միջազգային հետևանքներ:

Հունգարիայի ունեցած իրավական պատկերացումները, որոնք դրսևորեց այդ պետությունը, բացարձակ անհամատեղելի են Եվրոպական Միության հիմնարար արժեքներին» մամլո հաղորդակցության մեջ ասել է ԳԿԽ-ի նախագահ Ազատ Օրդուխանյանը:

ԳԿԽ-ի վարչությունը գտնում է, որ Հունգարիան այս քայլով ոչ միայն բացահայտորեն դավաճանել է եվրոպական արժեհամակարգին, վնասել Եվրոպական Միության հեղինակությանը, այլև բարձրացել ահաբեկչությանը օրը ցերեկով հովանավորելու ամոթալի, բայց նաև շատ վտանգավոր հարթակի վրա: Վարչությունը ցավում է, որ որ այս խայտառակությունը որպես ամոթանքի խարան, գրվեց Հունգարիայի կառավարության շենքի ճակատին:

ԳԿԽ-ի վարչությունը կրկին հիշեցնում է եվրոպական կառավարություններին, որ ներելով, արդարացնելով ու աստվածացնելով քնած մարդուն կացնահարած մարդասպանին, Ադրբեջանի իշխանություններն ու հասարակությունը իրենց քաղաքականության հիմքում բացահայտորեն դնում են հակահայ ահաբեկչության սկզբունքը, նույնիսկ Եվրոպայի մայրաքաղաքներում հայ սպանելուց չեն խորշում, չեն ազդվում միջազգային որևէ քննադատությունից: ԳԿԽ-ն վերահաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի տասնամյակներ շարունակ հնչեցրած այն պարզ ճշմարտությունը, որ իրենց կյանքի ու գույքի ապահովության միակ երաշխիքը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչումն է: Դա Արցախի հայերի համար նվազագույն պատնեշ կդառնա ադրբեջանական մշտական վտանգի առջև և վերջապես կապահովի նրանց կենսունակ զարգացումը:

Գերմանահայոց Կենտրոնական Խորհուրդը կոչ է անում Գերմանիայի բոլոր հայ համայնքներին, կազմակերպություններին ու անհատներին սեպտեմբերի 8-ին դուրս գալ Բեռլինում Հունգարիայի դեսպանատան ու Գերմանիայի այլ քաղաքներում գործող հունգարական դիվանագիտական ներկայացուցչությունների դեմ բողոքի ցույցի:

Գուրգեն Մարգարյան

2004-ի փետրվարի 19-ին ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը գիշերը կացնահարել է հայ Գուրգենի Մարգարյանին, երբ նա քնած էր: Երկուսն էլ մասնակցում էին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված անգլերենի դասընթացներին: Սաֆարովն առաջին հարցաքննության ժամանակ իր արարքի պատճառներն այսպես է բացատրել. «Ափսոսում եմ, որ ոչ մի հայ մինչ այժմ չեմ սպանել... Բանակն ինձ գործուղեց այս դասընթացներին, և այստեղ իմացա, որ մեզ հետ դասընթացներում նաև երկու հայ կա: Ասեմ, որ իմ մեջ ատելություն ծագեց հայերի հանդեպ: Սկզբում բարևում էինք, այսինքն` նրանք էին բարևում, ես չէի պատասխանում: Սպանության պատճառն այն է, որ նրանք անցան մեր մոտով և ժպտացին մեր երեսին: Այդ պահին որոշեցի սպանել նրանց, այսինքն՝ լուսադեմին կտրել գլուխները»:

2006-ի ապրիլի 13-ին Բուդապեշտի առաջին ատյանի դատարանը դատապարտել է Սաֆարովին ցմահ բանտարկության առանց ներման իրավունքի 30 տարվա ընթացքում: 2007-ի փետրվարին Վճռաբեկ դատարանը դատավճիռն ուժի մեջ է թողել:

2012-ի օգոստոսի 31-ին Հունգարիան Ռամիլ Սաֆարովին արտահանձնել է Ադրբեջանին, որտեղ նրան որպես հերոս են դիմավորել: Նախագահ Իլհամ Ալիևը նրան ներելու մասին հրամանագիր է ստորագրել, վճարել 8 տարվա աշխատավարձն ու բարձրացրել զինվորական կոչումը:

Ավելի ուշ Հայստանի ԱԳՆ-ն Հունգարիայի արտգործնախարարությանը տեղեկացրել է երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու` ՀՀ կառավարության որոշման մասին։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---