18 փետրվարի 2005 - 16:45 AMT
ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՄՏԱԴԻՐ Է ՍԵՂՄ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԼՈՒԾԵԼ ԻՐԵՆ ՓՈԽԱՆՑՎԱԾ ՀԱՅԿԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԸ
Ռուսաստանը մտադիր է սեղմ ժամկետներում լուծել հինգ հայկական ձեռնարկությունների շահագործման հետ կապված հարցերը, որոնք Ռուսաստանին են փոխանցվել «Գույք պարտքի դիմաց» պայմանագրի շրջանակներում: Այդ մասին Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Կողմերը գոհունակություն են հայտնել հայ-ռուսական համագործակցության բարձր մակարդակով: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ տարածաշրջանային հաղորդակցության հարցեր: Մասնավորապես, ընդգծվել է տարածաշրջանային հաղորդակցությունների ընդլայնման անհրաժշետությունը, ինչը խթան կհանդիսանա բազմակողմ տնտեսական համագործակցության զարգացման համար, իսկ դա, իր հերթին, կնպաստի տարածաշրջանային հակամարտությունների շուտափույթ կարգավորմանը: Կողմերը քննարկել են նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկայիս իրավիճակը, ինչպես նաեւ միջազգային կառույցներում երկկողմ եւ բազմակողմ համագործակցության հարցեր: Սերգեյ Լավրովը Ռոբերտ Քոչարյանին է փոխանցել ՌԴ ղեկավար Վլադիմիր Պուտինի ողջույնը եւ նրա խոսքերն այն մասին, թե Ռուսաստանի նախագահը սպասում է Հայաստան կատարելիք իր այցին, որով կմեկնարկեն Հայաստանում Ռուսաստանի մշակույթի տարվա միջոցառուները: