3 սեպտեմբերի 2012 - 14:18 AMT
Բակո Սահակյան. Արցախում կարևորում են Լիբանանի հայ համայնքի հետ կապերի ընդլայնումը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 3-ին ընդունել է մոտ հինգ տասնյակ լիբանանահայ գործարարների: Իր խոսքում նախագահը նշել է, որ լիբանանահայությունը մեր Սփյուռքի ամենակայացած եւ կազմակերպված համայնքներից մեկն է, որը միշտ կանգնած է եղել Մայր Հայաստանի ու Արցախի կողքին եւ մեծ ներդրում ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զարգացման, նրա առջեւ ծառացած տարբեր խնդիրների լուծման գործում:

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ Արցախում չափազանց կարևորում ենք Լիբանանի հայ համայնքի հետ կապերի ընդլայնումն ու խորացումը՝ հավելելով, որ այստեղստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները գործարարության զարգացման, քաղաքակիրթ եւ փոխշահավետ համագործակցության համար:

Հանդիպման վերջում նախագահ Սահակյանը պատասխանել է ներկաների կողմից բարձրացված հարցերին, հայտնում է Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: