ԵԱՀԿ ՄԽ իր խոսքն է ասել Սաֆարովին ներում շնորհելու կապակցությամբ

ԵԱՀԿ ՄԽ իր խոսքն է ասել Սաֆարովին ներում շնորհելու կապակցությամբ

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խումբը անհանգստություն է հայտնել հայ սպա Գուրգեն Մարգարյանի մարդասպան Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու կապակցությամբ: Վերջինս հաջորդ օրն իսկ ներման է արժանացել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով: Համանախագահները ափսոսանք են հայտնել այն վնասի կապակցությամբ, որը հասցվում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացին` «հանցագործին մեծարելու» յուրաքանչյուր փորձով:

Համանախագահները կրկին ընդգծել են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման այլընտրանքից զերծ բնույթը և հայտարարել, որ կշարունակեն համագործակցել հակամարտող կողմերի հետ` խաղաղ գործընթացի առաջխաղացման և լարվածության նվազեցման համար:

Սեպտեմբերի 2-ին Փարիզում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեի, Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ:

Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, հանդիպման օրակարգի միակ հարցը մարդասպան Ռամիլ Սաֆարովին ազատ արձակելու հունգարա-ադրբեջանական խայտառակ գործարքի արդյունքում ստեղծված իրավիճակն էր` ոչ միայն բանակցային ողջ գործընթացի, այլև տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության վրա ունեցած իր բոլոր բացասական հետևանքներով:

Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Ադրբեջանը կոպտորեն ոտնահարում է միջազգային իրավունքը, միջազգային կոնվենցիաներն ու համաձայնագրերը, իր իսկ ստանձնած պարտավորությունները, խոչընդոտում է համանախագահների` Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը, շարունակաբար մերժում հակամարտության հանգուցալուծմանն ուղղված առաջարկները, ի չիք է դարձնում փոխվստահության մթնոլորտի ձևավորմանն ուղղված բոլոր նախաձեռնությունները, լուրջ սպառնալիք է տարածաշրջանում խաղաղությանն ու անվտանգությանը:

Միջազգային հանրությունը չի կարող հանդուրժել բանակցային գործընթացի քողի տակ Ադրբեջանի արկածախնդրային քաղաքականության շարունակումը:

Սեպտեմբերի 3-ին համանախագահները հանդիպել են Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---