4 սեպտեմբերի 2012 - 14:48 AMT
Հայաստանում առաջին ազատ տնտեսական գոտին կգործի արդեն 2012-ի նոյեմբերին

Միջգերատեսչական հանձնաժողովն արդեն հաստատել է կանադական R & D arts ընկերության մասնակցությունը Հայաստանի Ազատ տնտեսական գոտուն (ԱՏԳ), որը շահագործման է հանձնվելու 2012-ի նոյեմբերին: Ինչպես հաղորդել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, սեպտեմբերի 4-ին երկրում առաջին Էքսպոկենտրոն այցելելու շրջանակներում այդ արտասահմանյան ընկերության ծրագիրը ներկայացվել է ՀՀ կառավարության դիտարկմանը:

Հանրապետությունում առաջին ԱՏԳ կազմակերպիչն է ռուսական «Սիտրոնիքս» ԲԲԸ-ը, որը 2008-ից «ՌԱՕ ՄԱՐՍ» ՓԲԸ-ի և «Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի (ԵրՄՄԳՀԻ) կառավարիչն է:

Դրա հետ կապված նախարարը կարևորել է այն, որ Հայաստանը վերականգնում է ինստիտուտի երբեմնի համբավը, որը ժամանակին հայտնի է եղել իր բարձր արտադրական և նորարարական պոտենցիալով և նոր մոտեցումներով, որոնք համապատասխանել են միջազգային պահանջներին: «Հրաժարվելով հիմնական հարկային եկամուտներից` Հայաստանի կառավարությունը նպատակ ունի ստեղծել բարձր վարձատրվող աշխատատեղեր և ներգրավել ներդրումներ»,- ասել է նա:

Դավթյանը հիշեցրել է, որ առաջին ԱՏԳ-ը տեղակայվելու է երկու տարածքներում` «ԵրՄՄՀԳՒ» ՓԲԸ-ի (27 հազար քմ) և «ՌԱՕ ՄԱՐՍ» ՓԲԸ-ի` (56 հազար քմ):

Իր հերթին «Սիտրոնիքս Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Արմեն Խաչատրյանը հավելել է, որ ընկերությունն արդեն ներդրել է շուրջ 3 մլն դոլար ԱՏԳ շահագործման հանձնելու համար համապատասխան ենթակառուցվածքներ ստեղծելու համար, պլանավորվում է ներդնել ևս 5 մլն դոլար: Բոլոր աշխատանքները պետք է ավարտվեն ընթացիկ տարվա նոյեմբերին, իսկ առաջին հայկական ԱՏԳ նկատմամբ հետաքրքրություն են հանդես բերել ընկերություններ ԱՄՆ-ից, Չինաստանից և այլ երկրներից: