4 սեպտեմբերի 2012 - 14:49 AMT
ՌԴ Հանրային պալատի անդամը վրդովված է Սաֆարովի արտահանձնմամբ և ներմամբ

ՌԴ Հանրային պալատի միջազգային համագործակցության և հանրային դիվանագիտության գծով միջհանձնաժողովային աշխատանքային խմբի ղեկավար Ալեքսանդր Սոկոլովը վրդովված է Սաֆարովի արտահանձնմամբ և ներմամբ:

«Վրդովմունք է առաջացնում այն փաստը, որ ներում է շնորհվել ցինիկ և դաժան սպանություն կատարած մարդասպանին: Հունգարիայի և Ադրբեջանի գործողություններն անհնար է արդարացնել թշնամանքով կամ ցանկացած այլ փաստարկով»,-հայտարարել է Ալեքսանդր Սոկոլովը:

Սոկոլովը հայտարարել է, որ դա կարող է «արտաքին ոչ տարածաշրջանային գերտերության» կանխամտածված քայլը լինել, ղարաբաղյան հակամարտության էսկալացիայի, բազմազգ Ռուսաստանի ներքին կյանքի ու տարածաշրջանում ընդհանուր իրավիճակի ապակայունացման նպատակով:

«Պատահական չէ, որ այս իրադարձությունները ծավալվում են, ինչպես և վրաց-օսական հակամարտությունը, ԱՄՆ նախագահի ընտրությունների շեմին, Մերձավոր Արևելքում, մասնավորապես Սիրիայում ու Իրանում իրավիճակի սրման ֆոնի վրա»,-ասել է նա:

Նա խստորեն դատապարտել է «Սաֆարովի հերոսացումը»: «Անթույլատրելի եմ համարում նման գործողությունները, որոնք կարող են ատելության նոր աճի պատճառ դառնալ տարածաշրջանում: Այս իրավիճակի պատանդներն են դառնում միլիոնավոր մարդիկ, որ ապրում են աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում Ռուսաստանում բնակվող միլիոնավոր հայերն ու ադրբեջանցիները: Կոչ եմ անում ՌԴ հայազգի և ադրբեջանցի քաղաքացիներին չփոխանցել քաղաքական ղեկավարության գնահատականը հասարակ մարդկանց վրա: Դիմում եմ Հայաստանի ու Ադրբեջանի ժողովրդներին՝ կոչ անելով թույլ չտալ, որ հակամարտությունը հասնի թեժ փուլի, հակազդել «մեծ քաղաքականության» անսկզբունքային խաղացողներին, որոնք փորձում են ձեզ հրահրել թշնամանքի ու ատելության»: