5 սեպտեմբերի 2012 - 10:57 AMT
Շախմատի Օլիմպիադա. Հայաստանի տղամարդկանց հավաքականը կխաղա Ուզբեկստանի հետ

Սեպտեմբերի 5-ին Ստամբուլում, որտեղ ընթանում է շախմատի համաշխարհային Օլիմպիադան, կկայանան 8-րդ տուրի խաղերը:

Հայաստանի տղամարդկանց հավաքականն այս տուրում կհանդիպի Ուզբեկստանի հետ: Հայկական թիմը Չինաստանի հավաքականից կրած առաջին պարտությունից հետո 11 միավորով նահանջել է 4-րդ տեղը, իսկ Ուզբեկստանը 9-րդ տեղում է:

Ռուսաստանն ունի 13 միավոր, իսկ Չինաստանը և Ուկրաինան` 12-ական միավոր: 8-րդ տուրում Ռուսաստանը կխաղա Ուկրաինայի հետ, իսկ Չինաստանը` Ադրբեջանի:

Հայաստանի հավաքականը երկու անգամ դարձել է Օլիմպիադայի չեմպիոն 2006-ին և 2008-ին:

40-րդ Օլիմպիադան ընթանում է շվեյցարական համակարգով 11 տուրերով: Տղամարդկանց մրցաշարում հանդես են գալիս 155 թիմեր: Օլիմպիադան ավարտվելու է սեպտեմբերի 10-ին: