5 սեպտեմբերի 2012 - 14:22 AMT
Վ. Օսկանյան. Մենք պետք է կարողանանք այսօր ստեղծված իրավիճակի ճիշտ գնահատականը տալ

Մենք ազգովի ցնցվեցինք ու զայրացանք, երբ տեղի ունեցավ մարդասպանի արտահանձնումը Ադրբեջանին: Պատկերացրե՛ք Մարգարյանի հարազատների վիշտն ու ցավը, հիասթափությունն ու զայրույթը, երբ իրենց զավակին կացնահարած ոճրագործը հայտնվում է ազատության մեջ իր իսկ հայրենիքում: Այս մասին այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում ասել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վարդան Օսկանյանը:

«Նախ եկե՛ք համարձակություն ունենանք ընդունելու և արձանագրելու, որ մեր բոլորի զայրույթի և հիասթափության պատճառներից մեկը նաև մեր կառավարության անգործությունն ու թերացումն է այս հարցում: Անընդունելի և անհասկանալի է, որ մեր ժողովրդի անվտանգության և իրավունքների պաշտպանը՝ Հայաստանի կառավարությունը՝ իր համապատասխան գերատեսչություններով, այս ամենի մասին իմանում է ոճրագործի՝ Բաքու ժամանելուց հետո:

Պարզապես անբացատրելի է, որ շաբաթներ առաջ հունգարահայ համայնքի, հայկական կազմակերպությունների ահազանգերից հետո ոչինչ չի արվել մեր գերատեսչությունների կողմից: Անբացատրելի և անընդունելի է, որ մեր գերատեսչությունները հետևողական չեն եղել այս հարցում և հենց առաջինը չեն իմացել, որ Հունգարիան Ադրբեջանի հետ նման գործարքի է գնում: Ես կարծում եմ, որ այս խորհրդարանը բացատրություն պետք է պահանջի կառավարությունից:

Ես պարզապես կասկած չունեմ, որ այն ամենը, ինչ առ այսօր որպես արձագանք մենք արել ենք, որպես սպառնալիք անեինք երկու շաբաթ առաջ, Սաֆարովն այսօր կլիներ իր խուցում:

Այն, ինչ Հունգարիան արեց Ռամիլ Սաֆարովի հարցում, բարոյական և իրավական առումներով նողկալի է: Բարոյական առումով նրանք պարզապես պարտավորված էին խորհրդակցել հայկական կողմի հետ, դեռ չեմ խոսում հայ-հունգարական դարավոր բարեկամության, հայ համայնքի առկայության, ինչպես նաև Հունգարիայի պատմության և ազատագրական պայքարում հայերի ներդրման մասին:

Իրավական առումով Հունգարիան խախտել է Էքստրադիցիայի մասին եվրոպական կոնվենցիայի տառն ու ոգին՝ քաջ գիտակցելով, որ Սաֆարովն Ադրբեջան ոտք դնելու պահից չէր շարունակելու պատիժը կրել իր երկրում, ինչպես նախատեսված է կոնվենցիայով:

Ադրբեջանի մասին նույնիսկ չեմ ուզում խոսել: Նրանք պարզապես աշխարհին ցույց տվեցին իրենց իսկական դեմքը, այն, ինչ հայերս վաղուց գիտեինք ու բարձրաձայնում էինք:

Մենք պետք է կարողանանք այսօր ստեղծված իրավիճակի ճիշտ գնահատականը տալ: Ես կարծում եմ, որ ճիշտ քայլեր անելու դեպքում Արցախի հարցում մենք կարող ենք դիվանագիտական հաջողություններ արձանագրել: Արդեն ճիշտ պահն է, որ օգտագործելով այս առիթը՝ մենք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշվելու իրավունքի ամրագրումից անցնենք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ արդեն ավելի քան երկու տասնամյակ ինքնորոշված լինելու փաստի միջազգայնորեն ամրագրմանը:

Բնականաբար այս ընդհանուր ձևակերպումը ենթադրում է մանրամասն ծրագրավորում, գաղափարական հենք, դիվանագիտական միտք, բազմակողմանի գործունեություն՝ Հայաստանի գործադիր, օրենսդիր մարմինների և հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև Սփյուռքի լոբբիստական կազմակերպությունների ակտիվ և ներդաշնակ քայլերի համադրմամբ: Այս բոլորի արդյունավետության համար մեզ անհրաժեշտ է նաև ներքին համերաշխություն, քաղաքական առողջ մթնոլորտ և ժողովրդավարական արժեքների գերակայություն»,- ասել է Վարդան Օսկանյանը: