5 սեպտեմբերի 2012 - 14:25 AMT
Ադրբեջանը կվերացնի Սաֆարովին և մեղքը կբարդի Հայաստանի վրա, գտնում է Սարգիս Ավետիսյանը

Ադրբեջանի կառավարությունը կսպանի Գուրգեն Մարգարյանին կացնահարած և օգոստոսի 31-ին Հունգարիայի կողմից Ադրբեջանին արտահանձնված Ռամիլ Սաֆարովին և մեղքը կբարդի Հայաստանի վրա: Այդ մասին մամլո ասուլիսի ժամանակ ասաց «Համերաշխություն» կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանը: Ըստ կուսակցության ղեկավարի, որքան կենդանի մնաց Սաֆարովը, այնքան մեծ կլինի Ադրբեջանի վրա արտաքին ճնշումը:

Կուսակցությունն այս դեպքի կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կոչ է անում ձևավորել ազգային համերաշխության կառավարություն:

Ինչ վերաբերվում է Հայաստանի կողմից Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունների կասեցմանը, ապա, ըստ Ավետիսյանի, դա վերջին քայլն էր, որ կարելի էր անել: Փոխարենը կարելի էր այլ դիվանագիտական քայլեր անել և այլ միջոցների դիմել: Բացի դրանից, նա ծայրահեղ է համարում ուսումնական հաստատությունների կամ արվեստագետների բոյկոտը Հունգարիայի նկատմամբ, քանի որ հունգարացիները մեղավոր չեն իշխող կուսակցության ղեկավարության արած քայլի համար, իսկ երկու երկրների մշակութային կապերը միշտ էլ խորն են եղել:

Սարգիս Ավետիսյանն այս ընթացքում արված հայտարարություններից և դիրքորոշումներից լավագույնը համարում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կարծիքը, որովհետև, ըստ նրա, կացինը կախված է բոլոր հայերի վրա:

2004թ. փետրվարի 19-ին լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը Բուդապեշտում գազանաբար կացնահարվեց ադրբեջանցի սպա, ավագ լեյտենանտ Ռամիլ Սաֆարովի կողմից: Երկուսն էլ Բուդապեշտում մասնակցում էին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում կազմակերպված անգլերեն լեզվի դասընթացներին: 2006թ. ապրիլի 13-ին մարդասպանը Բուդապեշտում դատապարտվեց ցմահ բանտարկության՝ 30 տարվա ընթացքում առանց ներման իրավունքի:

Օրերս Սաֆարովն արտահանձնվել է Ադրբեջանին, որտեղ նրան ներում և մայորի կոչում, բնակարան և 8 տարվա աշխատավարձ է շնորհվել երկրի նախագահի կողմից: Ի պատասխան դրան, Հայաստանը խզել է դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ:

Մինչդեռ հունգարական կողմը հայտարարում է, որ Ադրբեջանն ավելի վաղ երաշխավորել է, որ Սաֆարովի ցմահ ազատազրկման վերաբերյալ դատավճիռը կարող է փոփոխվել դատարանի միջոցով` դատավճիռը 25 տարի կրելուց հետո միայն: