6 սեպտեմբերի 2012 - 10:07 AMT
Ջոն Քերի. Ես շոկի մեջ եմ Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու որոշումից

ԱՄՆ Սենատի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Ջոն Քերին դատապարտել է Իլհամ Ալիևի կողմից Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելը: Այդ մասին հաղորդում է Ամերիկայի հայ դատի հանձնաժողովը: «Ես շոկի մեջ եմ, որ Ադրբեջանը ոչ միայն վերադարձել է Սաֆարովին, այլ նաև ներում շնորհել նրան, բարձրացրել կոչումը և նրան հերոս դարձրել: Դա սադրիչ քայլ է, ուղղված երկու երկրների միջև լարվածության ուժեղացմանը և դա վնաս է հասցրել Ադրբեջանի կառավարության վստահությանը»,- հայտարարել է սենատորն իր ուղերձում:

Ամերիկայի հայ դատի հանձնաժողովի Արևելյան տարածաշրջանի գործադիր տնօրեն (ANCA-ER) Միշել Հակոբյանը ողջունել է Քերիի հայտարարությունը, նշելով. «ԱՄՆ հայ համայնքը ողջունում է սենատոր Քերիի դատապարտումը հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանում ներում շնորհելու մասին: Մենք շնորհակալ ենք սենատորին նրա սկզբունքային դիրքորոշման համար այդ անարդարության դեմ և կոչ ենք անում նրան և նրա գործընկերներին աջակցել ԱՄՆ կողմից Ադրբեջանի ռազմական օգնության դադարեցմանը»:

Իր հերթին, Ներկայացուցիչների պալատի էներգետիկայի և առևտրի հանձնաժողովի ղեկավար Հենրի Վաքսմանը նշել է, որ «խորապես անհանգստացած է Ադրբեջանի նախագահի որոշմամբ Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու մասին, որը գազանաբար սպանել է հայ լեյտենանտ Գուրգեն Մարգարյանին: Այդ ներումը ցուցադրեց, որ Ադրբեջանի կառավարությունը չի ցանկանում հաշտվել Հայաստանի հետ և հաստատել օրենքի գերակայությունը»: