6 սեպտեմբերի 2012 - 15:31 AMT
Հունաստանը հիշում է 1955 թվականի Ստամբուլի ջարդերի զոհերին

1955թ. սեպտեմբերի 6-ին և 7-ին Ստամբուլում հույների ջարդեր տեղի ունեցան: Տուժեցին նաև հայերը՝ նրանց տներն ու խանութները: 1955թ. գարնանը հուզումներ սկսվեցին այն ժամանակ դեռ Բրիտանիայի տիրապետության տակ գտնվող Կիպրոսում: Կիպրոսցի հույները անկախություն էին պահանջում և միացում Հունաստանի հետ: Թուրքիայի ուշադրությունը, որն մինչ այդ անտարբեր էր հարևան կղզու հանդեպ, արհեստականորեն սրվեց կիպրոսցի թուրքերի խնդիրների վրա: Որպես հետևանք, Թուրքիայի իշխանությունները ազգային թշնամանքի արշավ սկսեցին, ինչպես Կիպրոսում, այնպես էլ սեփական երկրում:

Հասարակական կարծիքն առանձնապես նախապատրաստելու հարկ չեղավ: 20-ականների ցեղասպանությունից հետո նախկին Օսմանյան կայսրության տարածքում մնացած հույն և հայ ընտանիքները կարողացան կրկին տնտեսապես աճել, տներ կառուցել, սեփական գործը դնել և հաջողության հասնել, հատկապես, առևտրում: Կոստանդնուպոլսի շատ թաղամասեր կրկին հիշեցնում հին բարի ժամանակները: Արդյոք դա դուր գալիս էր նրանց հարևան թուրքերին, որոնք նմանատիպ բարեկեցության չէին հասել, հռետորական հարց է: Միշտ կարելի է սեփական անբարեկեցության մեղավորին գտնել, հատկապես, եթե նա այլազգի է և այլ կրոնի է դավանում: Ուստի, կամավոր ջարդարարների պակաս չկար:

Առիթ հանդիսացավ պայթյունը Սալոնիկի Աթաթուրքի թանգարանում: Ինչպես պարզվեց ավելի ուշ, պայթյունն իրագործել էր թանգարանի պահակը, թուրքական հատուկ ծառայությունների կողմից ստացած մեխանիզմի միջոցով:

Նույնքան պարզ էր նաև նրանց մշակած ջարդերի ծրագիրը: Գիշերը նշել էին քանդման ու պղծման ենթակա տները, խանութներն ու եկեղեցիները: Հաջորդ գիշեր մոտ 100 հազար ջարդարարներ, լավ կազմակերպված, կատարեցին իրենց սև գործը: Տուժեցին 80 եկեղեցիներ, 4500 խանութ, 2500 բնակարան, 40 դպրոց: Պղծվեցին քրիստոնեական գերեզմանները: Ահավոր բարոյական ցնցումների ենթարկվեցին քրիստոնյա աղջիկներն ու կանայք: Սպանվածները 37 էին, սակայն այդ թիվը չի արտահայտում իրողությունը, քանի որ ճշգրիտ հաշվառումն ուղղակի անհնար էր: Նյութական վնասը կազմեց հարյուր միլիոնավոր դոլարներ: Հույն և հայ ընտանիքների մեծ մասն ընդմիշտ լքեց Թուրքիան: Սա քրիստոնյաների հերթական արտագաղթն էր Կստանդնուպոլսից 1453 թվականից ի վեր: 140 հազար հույներից Ստամբուլում մնացին մի քանի հազարը միայն, գրում է greek.ru-ն: