23 փետրվարի 2005 - 19:06 AMT
ԿԱՆԱԴԱԿԱՆ «TRANSEURO ENERGY» ԿՈՐՊՈՐԱՑԻԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԿՍԿՍԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆԱՎԹԻ ԵՎ ԳԱԶԻ ՈՐՈՆՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
«Transeuro Energy» կանադական կորպորացիան (նախկին Indusmin Energy) նախապատրաստական աշխատանքներ է սկսել Հայաստանի Արմավիրի մարզի այսպես կոչված արտոնագրային բլոկումT նավթի եւ գազի որոնման ուղղությամբ, հայտարարել է ՀՀ Էներգետիկայի նախարարության ընդերքի վառելիքաէներգետիկ ռեսուրսների վարչության պետ, տեխնիկական գիտությունների թեկնածու Անդրանիկ Աղաբալյանը, հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը: Աղաբալյանի խոսքերով, եղանակային պայմանների բարելավման հետ կորպորացիան դաշտային աշխատանքներ կսկսի առաջին հորատանցքի հիմնադրման նպատակով: «Transeuro Energy»-ն իր ջանքերը կենտրոնացրել է բնական գազի պաշարների որոնման վրա: Վարչության պետը պարզաբանել է, որ Հայաստանը միակ երկիրն է նախկին ԽՍՀՄ տարածքում, որը չունի նավթավերամշակման հզորություններ, սակայն միեւնույն ժամանակ ունի զարգացած գազատրանսպորտային համակարգ: Այդ առնչությամբ գազի արդյունահանումը արդյունաբերական օգտագործման համար ավելի հեռանկարային է, քան նավթինը: Առաջին հինգ տարիների ընթացքում կորպորացիան պարտավորվել է նվազագույնը 10,5 մլն դոլար ներդնել Արմավիրի մարզում գազի եւ նավթի որոնման նպատակով, հաղորդել է Ա.Աղաբալյանը: Նա ավելացրել է, որ երկրորդ արտոնագրային բլոկի գծով «Transeuro Energy»-ին դարձել է հայ-ամերիկյան երկրաբանահետախուզական ընկերության իրավահաջորդը, գնելով նրա իրավունքներն ու պարտավորությունները, եւ խոսքը գնում է արդեն սկսած աշխատանքների ժամկետի երկարացման մասին: