7 սեպտեմբերի 2012 - 10:11 AMT
Վարդան Մինասյան. Ամեն խաղի համար կընտրվի այն մարտավարությունը, որը թույլ կտա հավաքականին հաղթել

Սեպտեմբերի 6-ին երեկոյան Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Մալթայի մայրաքաղաք Վալետայի «Տա Կալի» մարզադաշտում անցկացրել է նախախաղային մարզում:

Մինչ այդ լրագրողների հետ հանդիպել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Մինասյանը նշել է, որ Մալթայի ընտրանին շատ կազմակերպված թիմ է, և իտալացի գլխավոր մարզիչ Պիետորո Գեդինին հաջողվել է ամուր և մարտունակ թիմ ստեղծել:

«Այսօր մեր հավաքականի կազմում ընդգրկված է չորս կենտրոնական պաշտպան, որոնց թվում են նորեկ Ալեքսը և Ռոբերտ Արզումանյանը, ով վերջապես պայմանգիր է կնքել ակումբային թիմի հետ: Մալթայի հետ խաղի համար մեր հավաքականի մարզչական շտաբը պետք է ընտրի երկու կենտրոնական պաշտպաններից կազմված օպտիմալ զույգը»,- ասել է գլխավոր մարզիչը:

Մինասյանն ընդգծել է, որ Հայաստանի ընտրանին բոլոր խաղերում հաղթանակ տանելու նպատակով է դուրս գալու խաղադաշտ. «Իսկ յուրաքանչյուր խաղի համար կընտրվի այն մարտավարությունը, որը թույլ կտա Հայաստանի ազգային հավաքականին հաղթանակ տոնել»:

Աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական փուլի Մալթա- Հայաստան հանդիպումը կկայանա սեպտեմբերի 7-ին, Երևանի ժամանակով 22:00: