23 փետրվարի 2005 - 19:35 AMT
ՌԱՕ «ԵԷՍ ՌՈՍԻԻ»-Ն ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱ ՄԱՏԱԿԱՐԱՐԵԼ ԹՈՒՐՔԻԱ ԵՎ ԻՐԱՆ
ՌԱՕ «ԵԷՍ Ռոսիի» ընկերությունը նախատեսում է Հայաստանից էլեկտրաէներգիա մատակարարել Թուրքիա եւ Իրան, հայտարարել է էներգահոլդինգի վարչության նախագահ Անատոլի Չուբայսը , տեղեկացնում է «Նովոստի» ռուսաստանյան լրատվական գործակալությունը: «Մենք մտածում ենք արտահանման ընդլայնման մասին Հայաստանում արտադրվող հզորություններից: Այսօր մենք Հայաստանից էլեկտրաէներգիա ենք արտահանում Վրաստան, եւ մտածում ենք Հայաստանում արտադրվող էլէկտրաէներգիայի Թուրքիա եւ Իրան արտահանման էլ ավելի բարդ կառուցվածքների ուղղությամբ»,- ասել է Չուբայսը: Նրա խոսքերով` ներկայումս ՌԱՕ «ԵԷՍ»-ի առաջնային նախագիծը Հայաստանում Հրազդանի ՋԷԿ-ի (ՀՋԷԿ) հինգերորդ բլոկի շինարարությունն է: Չուբայսը ՀՋԷԿ-ի հինգերորդ բլոկի առնչությամբ նպատակային խնդիր է անվանել «Հայաստանի կառավարության հետ կայանի վերաբերյալ ստորագրած պայմանագրերի իրագործումը»: ՌԱՕ «ԵԷՍ»-ի ներդրումները հինգերորդ բլոկի շինարարությունում կազմում են 120 միլիոն եվրո: «ՀՋԷԿ-ի հինգերորդ բլոկի նախագիծը կապված է Իրանի գազամուղի նախագծի հետ, որը հետքրքիր է եւ Հայաստանի, եւ էներգահոլդինգի եւ «Գազպրոմի» համար»,- հայտարարել է Անատոլի Չուբայսը: «Ես չեմ բացառում, որ մենք կկարողանանք «Գազպրոմի» հետ համատեղ կառուցել գազամուղի նախագծին մասնակցելու կառույց, եւ եթե դա իրականանա, մենք պատրաստ ենք ներդրումներ կատարել»,- ավելացրել է նա: ՌԱՕ «ԵԷՍ»-ի ղեկավարը հաստատել է նաեւ, որ էներգահոլդինգն առաջարկություն է ստացել բրիտանական «Միդլենդ ռեսուրս հոլդինգ լտդ» ընկերությունից` էներգահոլդինգին «Հայկական էլեկտրացանցերի» ակտիվների փաթեթի վաճառման մասին: «Ես հաստատում եմ, որ նման առաջարկություն եղել է: Մենք այն ուսումնասիրում ենք: Եվ որոշումը, ինչպիսին էլ որ այն լինի, հնարավոր է միայն այն դեպքում, եթե այն քաղաքական մակարդակով համաձայնեցված լինի Հայաստանի ղեկավարության հետ: Մենք չենք ձեռնարկի Հայաստանի ղեկավարության համար անցանկալի որեւէ քայլ», ավելացրել է Չուբայսը: