Իրաքի փոխվարչապետը պատմական է համարում Հայաստան կատարած այցելությունը

Իրաքի փոխվարչապետը պատմական է համարում Հայաստան կատարած այցելությունը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 7-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Իրաքի փոխվարչապետ Ռաուշ Նուրի Շաուեյսի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը վստահություն հայտնեց, որ փոխվարչապետ Շաուեյսի գլխավորած՝ Իրաքի ներկայացուցչական պատվիրակության այցելությունը կխթանի տնտեսական փոխգործակցությունը, և ընդգծեց, որ այցն ունի նաև կարևոր քաղաքական ազդակ: Նախարարը հույս հայտնեց, որ այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում, առավել կամրապնդեն հայ-իրաքյան դարավոր բարեկամությունը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Իրաքի փոխվարչապետը նշեց, որ ինքը տպավորված է այցելության արդյունքներով, որը գնահատում է որպես պատմական: Ռաուշ Նուրի Շաուեյսի խոսքերով իրաքյան պատվիրակության այցի նպատակն է համագործակցության զարգացման վերաբերյալ կոնկրետ պայմանավորվածությունների ձեռք բերումը, հարաբերությունները որակապես նոր մակարդակի բարձրացնելը ու գոհունակությամբ ընդգծեց, որ Երևանում կայացած հանդիպումները բավականին արդյունավետ էին:

Իրաքի փոխվարչապետը վերահաստատեց իր կառավարության որոշումը Երևանում դեսպանատուն բացելու վերաբերյալ: Զրուցակիցները քննարկեցին հայ-իրաքյան տնտեսական, էներգետիկայի, առողջապահության, գյուղատնտեսության, կրթության, գիտության, արդյունաբերության, մշակույթի բնագավառներում երկկողմ համագործակցության, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Հանդիպմանը կարևորվեց նաև իրաքահայ համայնքի դերը երկու ժողովուրդների և երկրների միջև հարաբերությունների զարգացման և խորացման գործում:

Իրաքի փոխվարչապետը Հայաստանի արտգործնախարարին ներկայացրեց իր երկրում կայունության, ներպետական համերաշխության հաստատման ուղղությամբ գործադրվող ջանքերը:

Նախարար Նալբանդյանն ու փոխվարչապետ Շաուեյսը մտքեր փոխանակեցին Միջին Արևելքում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ, հաղորդում է Հհ ԱԳՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---