7 սեպտեմբերի 2012 - 13:40 AMT
Մալթա- Հայաստան. Վիճակագրությունը հայկական թիմի օգտին է

Այսօր` սեպտեմբերի 7-ին, մեկնարկում է աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական փուլը: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը մեկնարկում է Մալթայի հետ խաղով:

Այս երկու հավաքականները միմյանց հետ մրցել են երեք անգամ, և երեք անգամն էլ հաղթանակ է տոնել Հայաստանի ընտրանին: Հետաքրքիր է, որ բոլոր հանդիպումներն էլ ավարտվել են նվազագույն` 1:0 հաշվով:

Առաջին անգամ թիմերը հանդիպել են 1994 թվականին Երևանում, իսկ մյուս երկու խաղերը կայացել են 2007 և 2008 թվականներին Մալթայի մայրաքաղաք Վալետայի «Տա Կալի» մարզադաշտում:

Հենց այս մարզադաշտում էլ այսօր, Երևանի ժամանակով ժամը 22:00-ին կմեկնարկի Մալթա- Հայաստան ընտրական հանդիպումը:

Բուքմեյքերները հանդիպման ֆավորիտ են համարում Հայաստանի ընտրանուն, որի հաղթանակը գնահատվում է 1,48, այն դեպքում, երբ Մալթայի հաղթանակը գնահատվում է 7,20.

Հայաստանի հավաքականն ընդգրկված է ընտրական B խմբում, որտեղ այսօր իրենց ուժերը կչափեն նաև Բուլղարիայի և Իտալիայի հավաքականները, իսկ մեկ օր անց` սեպտեմբերի 8-ին, կկայանա Դանիա- Չեխիա խաղը: