7 սեպտեմբերի 2012 - 14:11 AMT
Նախարարական եկամուտներ. 2011թ.-ին ամենաշատ եկամուտն ունեցել է առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը

2012թ.-ի օգոստոսի 31-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը դիմել էր ՀՀ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին՝ խնդրելով տրամադրել 2011թ.-ին պաշտոնավարած ՀՀ բոլոր նախարարների գույքի և եկամուտների հայտարարագրերում ներառված տվյալների մասին տեղեկանքները: 2012թ.-ի օգոստոսի 8-ին հանձնաժողովը ԻԱԿ-ին տրամադրեց 2011թ.-ին պաշտոնավարած բոլոր նախարարների, ինչպես նաև նրանց փոխկապակցված անձանց գույքի և եկամուտների հայտարարագրերում ներառված հրապարակման ենթակա տեղեկությունները: Ըստ այդմ՝ 2011թ.-ի ընթացքում բոլոր 10 նախարարներից անշարժ կամ շարժական գույք օտարել կամ ձեռք են բերել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը:

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը 37.000.000 ՀՀ դրամով օտարել է բնակարան և ձեռք է բերել բնակարան 60.532.000 ՀՀ դրամով: ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը 28.800.000 ՀՀ դրամով ձեռք է բերել բնակարան: ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը ձեռք են բերել կամ օտարել են անշարժ գույք, իսկ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը ձեռք է բերել կամ օտարել է շարժական գույք: Սակայն, ՀՀ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը չի տրամադրել տվյալներ, թե ինչ անշարժ կամ շարժական գույք և ինչ արժեքով են ձեռք բերել այս նախարարները: Հանձնաժողովի տրամադրած տեղեկանքներում այդ հատվածը ծածկված էր:

2011թ.-ին արտարժույթով եկամուտ ունեցել են ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ 20.000 ԱՄՆ դոլար և ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը՝ 8.000 ԱՄՆ դոլար: Արմեն Աշոտյանն արտարժույթով եկամուտը ստացել է վարկից, իսկ Վարդան Վարդանյանը՝ ավանդից:

2011թ.-ին ամենաշատ եկամուտն ունեցել է ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը` 203.466.197 ՀՀ դրամ: Հարություն Քուշկյանի եկամուտն ավելի քան 68 անգամ գերազանցում է 2011թ.-ին ամենքիչ եկամուտն ստացած ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանի եկամուտը՝ 2.967.600 ՀՀ դրամ: Հարկ է նշել, որ ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը վերջին 4 տարիների ընթացքում գլխավորում է ամենաշատ եկամուտն ստացած նախարարների ցուցակը: Նա առաջինն էր նաև 2008, 2009 և 2010թթ.-ին: Առողջապահության նախարարի եկամուտը 2008թ.-ին կազմել է 381.607.396 ՀՀ դրամ,2009թ.-ին՝ 341.615.000 ՀՀ դրամ և 2010թ.-ին՝ 326.543.484 ՀՀ դրամ:

ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանին հաջորդում է ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, ում ստացած եկամուտը 2011թ.-ին կազմել է 102.102.823 ՀՀ դրամ: Արամ Հարությունյանը երկրորդն է եղել նաև 2009թ.-ին` 131.061.616 ՀՀ դրամ, և 2010թ.-ին` 103.250.403 ՀՀ դրամ: 2011թ.-ին ամենաշատ եկամուտն ստացած նախարարներից երրորդը ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն է՝ 60.344.280 ՀՀ դրամ եկամուտով: Ինչպես նշվեց, 2011թ.-ին ամենաքիչ եկամուտն ստացել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը՝ 2.967.600 ՀՀ դրամ: Մանուկ Վարդանյանին հաջորդում է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը՝ 3.052.468 ՀՀ դրամ եկամուտով: 2011թ.-ի ամենաքիչ եկամուտն ստացած նախարարների եռյակը եզրափակում է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը՝ 3.104.402 ՀՀ դրամ եկամուտով: Նշենք, որ Հասմիկ Պողոսյանը վերջին 4 տարիների ընթացքում մշտապես հայտնվել է ամենքիչ եկամուտն ստացած նախարարների եռյակում: 2008թ.-ին նա ունեցել է բոլոր նախարարներից ամենաքիչ եկամուտը (2.903.800 ՀՀ դրամ), 2009թ.-ին եղել է ամենաքիչ եկամուտն ունեցած նախարարներից երրորդը (3.190.800 ՀՀ դրամ) իսկ 2010թ.-ին կրկին Հասմիկ Պողոսյանի եկամուտն ամենաքիչն է եղել (3.071.600 ՀՀ դրամ):

Մնացած նախարարների` 2011թ.-ի ընթացքում ստացած եկամուտների չափը տատանվում է 3.2-32.1 (24.1 մլն դրամ և 20.000 ԱՄՆ դոլար) մլն դրամի սահմաններում:

Բոլոր նախարարները միասին 2011թ.-ին ունեցել են 485.602.859 ՀՀ դրամ և 28.000 ԱՄՆ դոլար եկամուտ: