7 սեպտեմբերի 2012 - 14:59 AMT
Հայաստանում 2012-ի օգոստոսին հուլիսի համեմատ հացաբուլկեղենի գներն աճել են 1,3 տոկոսով

Հայաստանում 2012-ի օգոստոսին հուլիսի համեմատ հացաբուլկեղենի գներն ավելացել են 1.3 տոկոսով: Այդ մասին սեպտեմբերի 7-ին Երևանում մամլո ասուլիսում հաղորդել է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը: Միաժամանակ, նրա խոսքով, 2012-ի օգոստոսին 2011-ի նույնշրջանի համեմատ այդ մթերքների գներն աճել են 5 տոկոսով:

«Դա հիմնականում պայմանավորված է բարձր տեսակի ալյուրի գնի բարձրացմամբ: Դիտարկված 8 ամիսներից (2012-ի հունվար-օգոստոս) 7 ամիսների ընթացքում գներն արձանագրել են 0.2-3.6 տոկոս աճ, իսկ 8 ամիսների ընթացքում այդ շուկայում գնաճը կազմել է 15.3 տոկոս: Միաժամանակ, շուկայում առաջին տեսակի ալյուրի գնաճը 8 ամիսների ընթացքում կազմել է 7.8 տոկոս»,- ասել է նա: